Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Օրակարգում ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզի՝ ԵՄ կողմի դիտարկումների հիման վրա լրամշակված և վերջնական տարբերակի քննարկումն էր: Հանձնաժողովի քարտուղարը ներկայացրել է ԵՄ կողմին տրամադրվելիք ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակում կատարված հիմնական փոփոխություններն ու լրացումները:

Նիստի ընթացքում որոշվել է հավանության արժանացնել ճանապարհային քարտեզը և ներկայացնել այն Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:

Նիստի ավարտին՝ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակի հավանության արժանանալուց հետո, փոխվարչապետը նշել է, որ վարչապետի հաստատումից հետո ճանապարհային քարտեզը կուղարկվի եվրոպական կողմին՝ այս տարվա հունիսին կայանալիք Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի հաստատմանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներին կատարված աշխատանքի համար, արձանագրել է, որ այսուհետ հանձնաժողովի աշխատանքներն առավել կենտրոնացած են լինելու ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների կիրարկման գործընթացը համակարգելու և մշտադիտարկման ենթարկելու վրա:

ԱՎԵԼԻՆ