ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբինյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբինյան

15:08 17 Մյս, 2019

Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է եւ ոչինչ չի փոխվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ բելառուսական աղբյուրների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին ԱԳ նախարարների խորհրդի նիստում։

Հարցին, թե այսինքն մինչեւ ժամկետի ավարտը հայկական կողմը շարունակելո՞ւ է պնդել, որ հայկական կողմին տրվի այդ պաշտոնը, Ռուբինյանը պատասխանեց. «Հայկական կողմը ունեցել է մի քանի սկզբունքների հետը կապված դիրքորոշում, եւ դրանցից գլխավորն այն է եղել, որ, ըստ էության, կա իրավիճակ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դադարել է լինել այդ պաշտոնում եւ կարգավորված չէ, թե դրանից հետո ինչ է լինելու՝ հաշվի առնելով, որ կա ռոտացիոն սկզբունք եւ այլն: Եվ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, որ մենք այստեղ գործ ունենք չկարգավորվածության հետ եւ անհրաժեշտ է դա կարգավորել աշխատանքային կարգով: Մեր դիրքորոշումն է եղել այն, որ կա ըստ ռոտացիայի ժամանակաշրջան եւ այդ ժամանակաշրջանը պատկանում է Հայաստանին: Այս երկու սկզբունքների կամ դիրքորոշումների շուրջ են  ընթացել քննարկումները, շարունակում են ընթանալ եւ Հայաստանը չի փոխել իր դիրքորոշումը»:

Հարցին, թե մայիսի 22-ին պնդելու եք, որ ՀՀ թեկնածուն նշանակվի այդ պաշտոնում, նա արձագանքեց. «Ճիշտ կլինի, որ այդ հարցին պատասխանի գործադիր իշխանությունը»:

loading...