Օսիպյանը Եվրոպոլի տնօրենի հետ քննարկել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը

Օսիպյանը Եվրոպոլի տնօրենի հետ քննարկել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը

18:49 16 Մյս, 2019

Մայիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը Եվրոպոլի տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։

Ողջունելով հյուրերին, տիկին դը Բոլը հույս հայտնեց, որ ՀՀ ոստիկանության պետի այցը սկիզբ կդնի Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցությանը մի շարք ուղղություններով։

Վալերի Օսիպյանը բարձր գնահատեց Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության կարևորությունը և ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ:

Կողմերը ավելի առարկայական քննարկեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման ոլորտներում և հստակեցրին հետագա քայլերը։

Կողմերի միջև քննարկում ծավալվեց ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու հնարավորության և ձևաչափի մասին։ Այդ նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց նշանակել կոնտակտային անձանց՝ նշված աշխատանքները համակարգելու նպատակով։

Հանդիպման ավարտին, ՀՀ ոստիկանության պետը գրառում կատարեց Եվրոպոլի պատվո հյուրերի մատյանում։

Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Եվրոպոլի տնօրենի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:

loading...