Վարորդական իրավունքից զրկված անձի մեքենան հայտնվելու է թիրախում, եթե անգամ ղեկին այլ մարդ լինի. Զեյնալյանը դեմ քվեարկեց

Վարորդական իրավունքից զրկված անձի մեքենան հայտնվելու է թիրախում, եթե անգամ ղեկին այլ մարդ լինի. Զեյնալյանը դեմ քվեարկեց

15:04 16 Մյս, 2019

Մենք չենք սպասելու, որ վարորդական իրավունքից զրկված անձը իրավախախտում անի, հետո նոր պարզվի, որ նա մեքենան վարել է, չունենալով այդ իրավունքը, այլ տեսախցիկներով ֆիքսելու ենք տվյալ մեքենան: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում ՃՈ տուգանքների բալային համակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ նշեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ եթե վարորդը զրկվել է վարելու իրավունքից, սակայն այդ մեքենան վարում է այլ մարդ, նրան անընդհատ կանգնեցնելու են եւ ստուգեն:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ հավելեց. «Կանխավարկածն այն է, որ ինքն է հանցագործը, եթե չապացուցի, որ ինքը հանցագործ չի»:

Ի վերջո, հարցի քվեարկության ժամանակ Արտակ Զեյնալյանը դեմ քվեարկեց օրինագծին, եւ երբ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե ինչու է դեմ, Զեյնալյանը պատասխանեց. «Այդ մեխանիզմը, որ բոլոր ավտոմեքենաները հսկողության տակ են եւ այդ մեքենային ամրակցված վարորդն ավտոմատ հայտնվում է կասկածյալի կարգավիճակով եւ պետք է ապացուցի իր անմեղությունը, դա իրավունքի տոտալ խախտում կարող է առաջացնել»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ այստեղ թյուրըմբռնում կա.«Նախ համակարգը  նույնականացնում է մեքենային, հետո համակարգը պարտավոր է նույնականացնել նաեւ անձին»:

Փոխոստիկանապետ Քոչարյանն էլ հավելեց, որ եթե տեսնում են, որ տվյալ մեքենան վարում են, կանգնեցնում են, ու հենց տեղում պարզում, թե ով է ղեկին: Եթե ղեկին այլ անձ է, ապա ոչ մի իրավախախտում չի արձանագրվում:

loading...