Գործազրկությունը Հայաստանում կրկնակի գերազանցում է միջին ցուցանիշը. նախարար

Գործազրկությունը Հայաստանում կրկնակի գերազանցում է միջին ցուցանիշը. նախարար

17:08 15 Մյս, 2019

Գործազրկությունը երիտասարդության շրջանում կրկնակի բարձր է, քան միջին ցուցանիշը, ինչը չի կարող չանհանգստացնել։ Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ «Աշխատիր, Հայաստան» նախաձեռնությունն այն հարթակն է, որը հնարավորություն է ստեղծում երկխոսության եւ խնդիրների որոնման համար կրթություն-աշխատաշուկա համակարգում։ «Ծրագիրն անդրադառնում է միջնակարգ մասնագիտական կրթության եւ տեխնոլոգիաների կիրառման ոլորտի խնդիրներին, որոնք էլ թելադրում են, թե ինչպիսին պետք է լինեն գիտելիքներն ու հմտություններն աշխատաշուկայի համար»,- նշել է նա։

Տիգրան Խաչատրյանը հավելել է, որ ծրագիրը նախատեսված է երկարաժամկետ հեռանկարի եւ պլան է գերատեսչությունների համար։ «Կառավարության ծրագրում նշված է, որ ամենամյա տնտեսական աճը պետք է կազմի 5 տոկոսից ոչ պակաս, իսկ աշխատանքի արտադրողականության բարձրացումը թույլ կտա բաշխել աճի արդյունքն ավելի հավասարաչափ»,- ամփոփել է նախարարը։

Նշենք, որ մայիսի 15-ին մեկնարկել է «Աշխատիր, Հայաստան» ծրագիրը, որը նախաձեռնել է կառավարությունը, մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

loading...