Ընտանիքին վերաբերվել հատուկ հոգածությամբ և պետական բարձր հանձնառությամբ. Արման Թաթոյանի ուղերձը

Ընտանիքին վերաբերվել հատուկ հոգածությամբ և պետական բարձր հանձնառությամբ. Արման Թաթոյանի ուղերձը

12:19 15 Մյս, 2019

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա առիթով: Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը: Հայաստանում ընտանիքը մշտապես գտնվում է պետության պաշտպանության և հոգածության ներքո: Ամուր սիրո ու հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքներն են բարոյական բարձր արժեքների ձևավորման հիմքում և կազմում են քաղաքակիրթ հասարակության առանցքը:

Բռնությունը խարխլում է ընտանիքի հիմքը, բացասաբար է ազդում ընտանիքում երեխաների առողջ զարգացման ու դաստիարակության վրա: Միմյանց նկատմամբ սերը և միմյանց արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքն են կարող ապահովել համերաշխությունն ընտանիքում: Պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս արժեքների պահպանման համար:

Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, նրանց լսված լինելու, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից։

Արդեն շուրջ երկու տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ը մայիսի 15-ը հռչակել է ընտանիքի միջազգային օր, ինչը նպատակ ուներ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել ընտանիքի պաշտպանությանն ու զարգացմանն առնչվող խնդիրների վրա: Հայաստանը 2011 թվականից այս օրն ամրագրել է որպես Ընտանիքի օր: Սա յուրահատուկ հնարավորություն է եւս մեկ անգամ արժևորելու ընտանիքն ու ընդգծելու ընտանիքի բացառիկ դերը հասարակության ու պետության զարգացման գործում»: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/05/15/1124826/

loading...