Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հիացմունք են առաջացրել. Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչ

Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հիացմունք են առաջացրել. Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչ

20:00 14 Մյս, 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 14-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաեւ հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին: 

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Համաշխարհային առաջնորդության հիմնադրամն իր ներկայացուցչական կազմով ահռելի փորձ եւ արժեքավոր գիտելիքներ է ընդգրկում, ինչը միանշանակ կարող է օգտակար լինել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնող Հայաստանի համար: Այս համատեքստում փոխվարչապետ Ավինյանն իր զրուցակիցներին ներկայացրել է այն նպատակները եւ արժեքները, որոնք ընկած են կառավարության կողմից իրականացվող նոր նախաձեռնությունների հիմքում:

Տիկին Կալմի-Ռեյը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հիացմունք են առաջացրել երկրի սահմաններից դուրս, եւ Հիմնադրամի ներկայացուցիչները պատրաստակամ են փոխանցելու իրենց երկրների հաջողված փորձը Հայաստանին, ինչպես նաեւ իրականացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների, ներառական տնտեսական համակարգի կայացման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը միտված միջոցառումների շուրջ: Անդրադարձ է կատարվել վերոնշյալ ոլորտներում տարբեր պետությունների կողմից որդեգրված մոտեցումներին եւ վերջիններիս լավագույն փորձի Հայաստանում կիրառման հնարավորություններին:

loading...