Դատական նիստ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ. ՈՒղիղ՝ դատարանի դահլիճից

Դատական նիստ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ. ՈՒղիղ՝ դատարանի դահլիճից

12:21 14 Մյս, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր  Վարդան Գրիգորյանի նախագահությամբ  երեկ մեկնարկեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նախնական դատական նիստը, որտեղ բացառապես քննարկվելու էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող հարցը:

Նշենք, որ «Մարտի 1-ի» գործից ՀՀ նախկին պաշտոնյաներին վերաբերող մասն առանձնացվել և ուղարկվել է դատարան, գործն ընդունվել է դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթ:

«Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով մեղադրյալ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման, ինչպես նաև կաշառք վերցնելու մեջ, մյուս ամբաստանյալը 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում է  սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, փողերի լվացման, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ, մյուս ամբաստանյալը   2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ Սեյրան Օհանյանն է, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, նույն մեղադրանք է առաջադրված նաև Յուրի Խաչատուրովին, ով 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալն էր:

Երեկվա նիստին մեղադրանքը պաշտպանելու էր եկել 4 դատախազ` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը,   գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը,   դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը:

Արթուր Դավթյանը դատարան եկավ դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով,որին դատարանում անդրադարձան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները և այդ ու այլ հիմքերով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին  դատավոր Վարդան Գրիգորյանին:

Դատարանը խորհրդակցական սենյակում է, որտեղից կվերադառնա և որոշումը կհայտնի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ: Նշենք, որ մեղադրող կողմն առարկել է միջնորդությանը:

Ինչ վերաբերում է միայն Ռոբերտ Քոչարյանի դատարան ներկայանալուն և մյուս կողմերին չծանուցելուն, դատարանը երեկ հայտնեց, որ, քանի որ նախնական դատական նիստում քննարկվելու է բացառապես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, այդ պատճառով կողմերը չեն ծանուցվել, այնուամենայնիվ դատարան էին ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ու Սեդա Սաֆարյանը: Դատական նիստի ողջ ընթացքում դատարանի բակում էին գտնվում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները:

Մանրամասներ դատական նիստից՝ Tert.am-ի ուղիղ եթերում:

loading...