Ավստրալիայի բանկը 46 մլն թղթադրամները սխալով է շրջանառության մեջ դրել

Ավստրալիայի Պահուստային բանկը (RBA) հաստատել է, որ շրջանառության մեջ դրված 50 ավստրալական դոլար արժեքով 46 մլն-ից ավելի թղթադրամը պատրաստվել է դիմային կողմի միկրոտեքստի «պատասխանատվություն» (responsibility) բառում սխալով, հայտնում է ABC-ն:

Սխալը հայտնաբերել է Triple M ռադիոկայանի ունկնդիրներից մեկը, որն այս մասին հաղորդագրություն է հրապարակել ռադիոկայանի Instagram-ի էջում: Ուղարկված թղթադրամի լուսանկարում մեծացնելիս երեւում է, որ միկրոտեքստում Էդիթ Քոուենի (Արեւմտյան Ավստրալիայի Օրենսդիր ժողովի առաջին կին պատգամավորը) առաջին ելույթից բերված հատվածում «responsibility» բառը սխալով է գրված՝ վերջին տառը չկա:

RBA-ի ներկայացուցիչը նշել է, որ բանկին սխալի մասին հայտնի է, այն կուղղվի առաջիկա մի քանի ամիսներին թղթադրամի հաջորդ տպաքանակը տպագրելիս: «Թղթադրամները նկարելու եւ հետագա տպագրության գործընթացն անչափ բարդ է, եւ չնայած մեզ մոտ գործող որակի ստուգման խիստ համակարգին, խափանումներ հնարավոր են: Մենք արդեն մի շարք ջանքեր ենք ձեռնարկել, որպեսզի ապագայում նման բանից խուսափենք»,- ասել է բանկի ներկայացուցիչը:

Սխալով թղթադրամները տպագրել են 2018 թվականի փետրվարին եւ 7 ամիս անց շրջանառության մեջ են դրել:

ԱՎԵԼԻՆ