Նոր մանրամասներ՝ Երևան-Արմավիր ճանապարհին ողբերգական վթար-հրդեհ-պայթյունից. մահացածները երիտասարդ ամուսիններ էին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւան-Արմավիր ավտոճանապարհին մայիսի 5-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհ-պայթյունից:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են մայիսի 5-ին Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ-պայթյունի հետեւանքով մահացածների ինքնությունը։ Պարզվել է՝ մահացածներն են Արմավիր քաղաքի բնակիչ 26-ամյա Կարեն Սարգսյանը եւ Մեծամոր քաղաքի բնակիչ 28-ամյա Կարինե Գինոսյանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջիններս երկար ժամանակ համատեղ կյանք են վարել, սակայն իրենց ամուսնությունը դեռ չէին վավերացրել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 5-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:01-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել էին Մեծամոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Գինոսյանի անվամբ հաշվառված Opel մակնիշի 35 XՍ 406 համարանիշի եւ Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 37-ամյա Արայիկ Եղիազարյանի վարած ЗИЛ մակնիշի 351 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով ավտոմեքենաներում հրդեհ էր բռնկվել եւ առաջացել էր ուժեղ պայթյուն:

Բախման հետեւանքով բեռնատարի վրա տեղադրված գազաբալոնները պոկվել էին, մեկն էլ՝ պայթյունից շպրտվել, իսկ վթարի վայրում հայտնաբերվել էր անձը չպարզված քաղաքացու այրված դի եւ վթարի վայրից ոչ մեծ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել էր ոչ ամբողջական վիճակում կամ այրված մարմնի մասեր:

ԱՎԵԼԻՆ