Հայ-ռուսական հետհեղափոխական հարաբերություններում առկա են սուբյեկտիվ և օբյեկտիվ խնդիրներ.Դուբնով

Հայ-ռուսական հետհեղափոխական հարաբերություններում առկա են սուբյեկտիվ և օբյեկտիվ խնդիրներ.Դուբնով

14:57 1 Մյս, 2019

«Հայ-ռուսական հետհեղափոխական հարաբերություններում առկա են սուբյեկտիվ և օբյեկտիվ խնդիրներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական «Независимая газета»-ին տված հարցազրույցում հնչեցված պնդումներին։

Հիշեցնենք, որ օրերս իր տված վերոնշյալ հարցազրույցում ՀՀ վարչապետը խոսել էր Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերությունների և համաշխարհային քաղաքականությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շուրջ:

Նա նշել էր, որ Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերություններում ոչինչ չի փոխվել:

«Եթե ինչ-որ բան էլ փոխվել է, ապա միայն դրականորեն: Ինչպես ես խոստացել էի, մեր հարաբերություններում չկան մութ անկյուններ, մեր դիրքորոշումը նաև աշխատանքային զրույցներում չի տարբերվում հանրային զրույցներից, և դա շատ լավ հնարավորություն է՝ մեր հարաբերությունները բարձրացնելու նոր մակարդակի վրա: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը: Բայց պետք է նաև հաշվի առնել, որ մենք ունենք ներքաղաքական օրակարգ, որը, բնականաբար, չի համընկնում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի, ո՛չ Ֆրանսիայի, և ո՛չ ԱՄՆ-ի ներքաղաքական օրակարգի հետ: Քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր ներքաղաքական օրակարգը, և դա որևէ կերպ չի անդրադառնում մյուս երկրների հետ մեր հարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա»,- ասել էր Փաշինյանը։

Նա նաև նշել էր, որ Հայաստանի ոչ մի կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, որքան ինքը, և, որ իր Կառավարության համար ամենակարևորն է՝ պահպանել ինքնիշխանությունն ու անկախությունը:

Դուբնովը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ հայ-ռուսական հարաբերություններում կան որոշակի բարդություններ, ռուսական էլիտայի շրջանում կա որոշակի անվստահություն նոր իշխանությունների նկատմամբ, քանի որ իշխանությունը ներկայացնում են նաև մարդիկ ոչ կառավարական կազմակերպություններից, որոնք ՌԴ-ի կողմից վստահություն չեն վայելում, որը, եթե ոչ՝ լարվածություն, ապա՝ կոլիզիա է ստեղծում հարաբերություններում։

Նրա որակմամբ, սա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ախտանշանների ավելի դիպուկ նկարագրություն է։

Դուբնովի խոսքով, մի կողմից՝ Պուտինի և Փաշինյանի անձնական հարաբերություններն են, երկու ինստիտուտների՝ նախագահի և վարչապետի, որոնք բավականին կոռեկտ են, նորմալ, կան նաև էլիտաների միջև հարաբերություններ, այդ թվում՝ ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը, այդ մակարդակում կան բարդություններ, որոնք կրում են այսրոպեական և իրավիճակային բնույթ։

Նրա կարծիքով, այդպիսի սուբյեկտիվ գործոն էր Երևանի գործողությունները Խաչատուրովի ետկանչի ուղղությամբ։ Դուբնովը նշեց, որ կան նաև օբյեկտիվ գործոններ, Երևանում իշխանության են մարդիկ, որոնք այլ մշակույթից են, ինչը չէր կարող նման փոխըմբռնման խնդիրների չհանգեցնել։

«Չասենք դա՝ անվստահություն, և այդքան պարզ դատավճիռ չտանք հարաբերություններին, փոխըմբռնման պակաս է, որն իրականում շատ նրբություններ ունի, որը նաև դինամիկ է, դա կարող է վերաճել լուրջ տարաձայնության և նաև դառնալ համագործակցություն, որը չի եղել պարոն Սարգսյանի օրոք»,- ասաց Դուբնովը՝ շարունակելով, որ հարաբերությունների ֆոնային երանգն է փոխվել։

«Մոսկվան սովոր էր այն դերաբաշխմանը և կշիռներին, որը կար նախորդ իշխանության օրոք: Մոսկվան սովոր էր, որ Հայաստանն ունի իր դերը խիստ, ակնհայտ աջակցող միջկառավարական հետսովետական ինստիտուտներում, հատկապես՝ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում։ Սակայն Մոսկվան համաձայնել է, որ ներկայումս ՀՀ-ն այդ դերը չի ստանձնելու, և դա անկասկած Փաշինյանի ձեռքբերումն է, նրան հաջողվեց Հայաստանին հեռացնել այդ դերից, և այս մեկ տարվա ընթացքում այն, ինչ ստացվեց մոսկովյան ուղղությամբ, համապատասխանում է նրա քայլերին։ Խաչատուրովի հարցը բարդ իրավիճակ էր, բայց այն ևս անցավ հավասար, առանց աղմուկների, դա Փաշինյանին հաջողվեց, դա կդառնա իր ակտիվը, նրա ակտիվները շատ չեն, իհարկե»,- ասաց Դուբնովը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին քննադատելու վերաբերյալ Փաշինյանի պնդմանը, ապա Դուբնովը գտնում է, որ Մոսկվային կոնկրետ զիջումներ ու կոնկրետ գործողություններ են հարկավոր։

Ըստ նրա, կլինեն կոնկրետ քայլեր՝ Մոսկվան կգնահատի, չեն լինի, ապա հայտարարություններն ինտենսիվ քննադատությունների մասին չեն փրկի։

Դուբնովն ասաց նաև, որը չի նկատել այս տարվա ընթացքում նման քննադատություն։ «Դա բացառապես ռուսական լսարանի համար արված դիտարկում էր, քանի որ Փաշինյանն արտաքին քաղաքականության մեջ հնարավորինս փորձում է հեռու մնալ քննադատություններից՝ չվատթարացնելով հարաբերությունները։ Այն, ինչ անում է Փաշինյանն արտաքին քաղաքականության մեջ, հստակեցումներ են՝ պլյուս նշանով։ Տարօրինակ կլիներ, եթե Փաշինյանը քննադատեր ԱՄՆ-ին»,- ասաց Դուբնովը։

loading...