Հուռի Գեբեշյան․ Նպատակս էր աշխարհին ցույց տալ, որ գոյություն ունի հայի անունով մարզական տարր

Հուռի Գեբեշյան․ Նպատակս էր աշխարհին ցույց տալ, որ գոյություն ունի հայի անունով մարզական տարր

14:02 27 Ապր, 2019

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ կին ներկայացուցիչ՝ ամերիկահայ Հուռի Գեբեշյան։

Օլիմպիական խաղերում Գեբեշյանն այդքան էլ բարձր միավորներ չհավաքեց եւ մրցանակային տեղ չզբաղեցրեց, բայց այդ 31-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը կհիշվի ոչ միայն Արթուր Ալեքսանյանի չեմպիոնությամբ, այլ նաեւ Հուռի Գեբեշյանի «ձեռագրով». զուգահեռ պտտաձողի վարժությունում հայ մարզուհին նոր տարր կատարեց, որ հետագայում պաշտոնապես գրանցվեց նրա անունով:

Այժմ Հուռի Գեբեշյանն ավարտել է մարզիկի կարիերան, ԱՄՆ-ում զբաղվում է մարզչությամբ եւ աշխատում նաեւ բժշկի մասնագիտությամբ: Այս օրերին Հուռին Հայաստանում է:

NEWS.am Sport-ի թղթակիցը հանդիպել է Օլիմպիական խաղերի մասնակցի հետ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում:

Հուռի, բարի գալուստ Հայաստան: Արդեն մի քանի օր է հայրենիքում ես: Ո՞րն է այցիդ նպատակը:

Շնորհակալ եմ: Ուրախ եմ շատ, որ հայրենիքում եմ: Սա իմ երրորդ այցն է Հայաստան եւ ամեն անգամ կարծես առաջին անգամ լինի: Տպավորություններս, զգացողություններ յուրաքանչյուր այցից տարբեր են:

Այցիս նպատակը կանանց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի հետ աշխատելն է: Արդեն մի քանի օր է մասնակցում եմ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի մարզումներին, հետեւում երեխաների մարզումներին, փորձում իմ փորձը փոխանցել նրանց, ինչպես նաեւ նրանցից եմ նոր բաներ սովորում: Մեկ ամիս եմ գտնվելու Հայաստանում եւ նպատակ ունեմ շրջել Հայաստանում եւ տեսնել սպորտային մարմնամարզության բոլոր մարզադպրոցները, մարզադահլիճները:

Օրերս եղա Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում։ Իսկապես այդքան էլ լավ պայմաններում չեն մարզվում մեր երեխաները, հավաքականի անդամները: Նույն վիճակը նաեւ այստեղ է՝ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում:

Ցավոք, լավ պայմաններ չունենք, համապատասխան մարզագույքի պակաս կա: Ունենք հրաշալի սերունդ, մարմնամարզությունը սիրող երեխաներ, ու իսկապես տաղանդավոր ապագա մարմնամարզիկ աղջիկներ եւ տղաներ: Ես իմ հնարավորությունների չափով ցանկանում եմ իմ լուման ունենալ Հայաստանում կանանց սպորտային մարմնամարզությունն ավելի լավ հիմքերի վրա դնելու համար:

Հանդիպումներ եմ ունենամ տարբեր մարդկանց, բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ քննարկում Հայաստանում մարմնամարզության զարգացման ուղիները, կանանց մարմնամարզությունը առաջ տանելու հնարավորությունները եւ մի շարք այլ ծրագրեր:

Հուռի, դու այս ամենը գերազանց հայերեն ես պատմում, բայց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ժամանակ մեր հարցազրույցներն անգլերեն էին, քանի որ չէիր հասկանում հայերեն: Սովորո՞ւմ ես հայերեն:

Այո, քիչ մը գիտեմ (ծիծաղում է): Փոքր տարիքում, երբ ապրում էի ծնողներիս հետ, կարողանում էի խոսել: Հետո սկսեցի քիչ օգտագործել հայերեն, դպրոցում, համալսարանում լրիվ մոռացա լեզուն, նույնիսկ չէի հասկանում: Ընտանիքում գրեթե չէինք խոսում հայերեն: Այժմ սկսել եմ պարապել, սովորում եմ հայերեն ու հաճելի է, որ ինձ հետ այստեղ բոլորը խոսում են հայերեն: Դժվարությամբ եմ հասկանում, ինձ էլ են դժվարությամբ հասկանում, բայց արդեն ստացվում է:

Ապրիլի 24-ին այցելել ես Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Առաջի՞ն այցդ էր Ծիծեռնակաբերդ:

Այո, ես առաջին անգամ եղա այնտեղ եւ շատ տպավորված եմ: Շատ հուզիչ էր եւ տպավորիչ այնտեղ գտնվելը հենց ապրիլի 24-ին: Ես զարմացած եմ մարդկանց հոսքով: Հազարավոր մարդիկ էին գալիս այնտեղ, խոնարհվում անմար կրակի առջեւ, հարգում զոհվածների հիշատակը, հիշում եւ պահանջում ցեղասպանության դատապարտումը: Ծիծեռնակաբերդում զգացի եւ հասկացա, թե որքան կարեւոր օր է ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի համար, որ մենք պետք է միշտ հիշենք, պահանջենք Հայոց Մեծ եղեռնի դատապարտումը, հաղթահարենք բոլոր դժվարությունները եւ փորձենք առաջ շարժվել՝ հաջողություններ գրանցելով: Պետք է բարձրաձայնենք ցեղասպանության մասին, որ աշխարհում այլեւս չկրկնվեն նման ոճրագործությունները: Ես իսկապես հպարտ եմ, որ հայ եմ, որ կրում եմ հայի արյուն, այս երկրի ու հողի ծնունդ եմ, իմ մեջ ձեւավորված է հայկական մշակույթը:

Ռիոյի Օլիմպիական խաղերում դու Հայաստանի առաջին եւ միակ կին ներկայացուցիչն էիր սպորտային մարմնամարզությունում: Խաղերից հետո ավարտեցիր մարզիկի կարիերադ: Ի՞նչն էր բուն պատճառը:

Մարմնամարզությունն իմ հոբբին է: Ես նպատակ ունեի մարզվել, լավ արդյունքներ գրանցել եւ հասնել Օլիմպիական խաղերի մասնակցությանը: Ուրախ եմ, որ կարողացա այդ ամենն անել եւ հասնել իմ նպատակին: Շատ էի ուզում մեկ անգամ իմ կյանքում փորձել ուժերս Օլիմպիական խաղերում, բայց մարմնամարզությունն իմ մասնագիտությունը չէր, այլ հոբբի, եւ մինչ օրս ես սիում եմ գտնվել մարզադահլիճում: Ես մասնակցեցի, նաեւ հաջողությամբ իրականություն դարձրեցի եւս մեկ շատ կարեւոր նպատակ՝ իմ անունով տարր գրանցեցի զուգահեռ պտտաձողի վրա, ինչի համար շատ ուրախ եմ: Նպատակս էր աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը մրցունակ է նաեւ կանանց մրցաշարում եւ հայի անունով մարզական տարր գոյություն ունի աշխարհում: Այժմ իմ հաջոդ նպատակը մարմնամարզությունում փորձս, իմ կարողությունները եկող սերնդին փոխանցելն է: Մարզիկի կարիերան շարունակելու համար արդեն տարիքս առել եմ, այժմ հերթը եկող սերնդինն է:

Ցանկություն չունե՞ս վերադառնալ մեծ սպորտ: Չե՞ս կարոտում:

Չեմ կարոտում, քանի որ չեմ հեռացել սպորտից: Ես իմ առաքելությունը սպորտային մարմնամարզությունում ավարտել եմ: Այժմ պետք է փորձեմ օգնել արդեն երիտասարդներին: Որոշել եմ ամեն տարի այցելել Հայաստան եւ մարզչություն անել այստեղ կանանց Հայաստանի հավաքականի հետ: Ունենք շատ լավ մարզիչներ կանանց թիմում, նրանց եւս կօգնեմ աշխատանքներում, իրենք էլ ինձ կօգնեն, կսովորեցնեն շատ նրբություններ, որոնք կկիրառեմ ԱՄՆ-ում աշակերտներիս շրջանում:

Հայաստանում ի՞նչն է քեզ դուր գալիս: Կուզեի՞ր այստեղ ապրել:

Ամեն ինչն է ինձ այստեղ դուրս գալիս, սիրում եմ ես իմ երկիրը, մարդիկ շատ բարի են ու հյուրընկալ, ես ինձ շատ լավ եմ զգում իմ հայրենիքում: Կուզեի այստեղ ապրել, բայց չեմ կարող թողնել ԱՄՆ-ն, այնտեղ ես աշխատանք ունեմ, ընտանիք: Գուցե մի օր վերջնական տեղափոխվեմ Հայաստան, բայց այս շրջանում՝ դժվար: Չգիտեմ՝ երբ, բայց մի օր գուցե գամ: Ամեն դեպքում ԱՄՆ-ում ես աշխատում եմ իմ մասնագիտությամբ: Բժիշկ եմ՝ ծնունդ ընդունող բժիշկ: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Նաեւ որպես մարզիչ եմ աշխատում այնտեղ: Երկու պարագայում էլ երեխաների հետ գործ ունեմ, եւ ինձ դա ուղղակի հաճույք է պատճառում:

Ի՞նչ ծրագրեր ունես Հայաստանում:

Դեռ մեկ շաբաթ եմ այստեղ, չեմ հասրցել շրջել Հայաստանով: Ծրագրում եմ շրջել մարզերով՝ Վանաձոր, Շիրակ, Արմավիր, այցելել այդ շրջանների մարմնամարզության մարզադահլիճները: Ուզում եմ ուսումնասիրել կանանց մարմնամարզությունը Հայաստանում, հասկանալ՝ ինչ հիմքերի վրա է այն: Շատ եմ ուզում, որ սպորտային մարմնամարզությամբ զբաղվող աղջիկները մեծ հաջողությունների հասնեն, իրենք էլ ունենան լավ պայմաններ մարզվելու համար, հավատան իրենց ուժերին, նպատակ դնեն իրենց առջեւ եւ իրականություն դարձնեն դրանք: Ուզում եմ, որ հայ աղջիկների անունը համաշխարհային սպորտում շատ հնչի ու հաջողությունները շատ լինեն: Ես էլ կփորձեմ հնարավորություններիս չափով օգնել նրանց:

loading...