Հայոց ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն

13:43 24 Ապր, 2019

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ՝ Armenian Genocide): Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը:Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական:

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն: Որոշ պատմաբաններ դրա մեջ ներառում են 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողություններն Անդրկովկասում, 1918 թվականին:

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը: Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթած և Մեծ եղեռնը վերապրած հայերից:

Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների  զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «Ցեղասպանություն» եզրույթն իր ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը: 1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները   (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության հանդեպ»:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ: Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝  Ֆրանսիա, Բելգիա, Շվեդիա, Լատվիա, Կիպրոս, Արգենտինա, Կանադա, Շվեյցարիա, Սլովակիա, Չիլի, Իտալիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Հունաստան, Լիբանան, Վենեսուելա, Վատիկան, Լեհաստան, Ուրուգվայ, Բոլիվիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Բրազիլիա, Պարագվայ:

1965 թվականի ապրիլի 24-ին՝  Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին զանգվածային ցույցեր։ Դրանց հետևանքով, արդեն ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի կողմից 16 մարտի 1965-ի վավերացված որոշումը՝ հուշարձան կանգնեցնելու, սկսեց կենսագործվել 1966-ին։ Հուշարձանի շինարարությունն ավարտվեց 1967-ին եւ բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին։ Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերին։

loading...