Նոր կառուցվածքով Հայաստանի կառավարության աշխատանքի արդյունավետության հարցը բաց է մնում. փորձագետ

Նոր կառուցվածքով Հայաստանի կառավարության աշխատանքի արդյունավետության հարցը բաց է մնում. փորձագետ

14:29 20 Ապր, 2019

Անհանգստացնում է այն հարցը, թե որքանով արդյունավետ կաշխատի պետական ապարատը առաջարկվող բարեփոխումների արդյունքում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ մեկնաբանելով կառավարության կառուցվածքի բարեփոխման ուշացած գործընթացը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ սկզունքներ են ընկած փոփոխությունների հիմքում, մասնավորապես, կառավարության կառուցվածքի բարեփոխման հարցում։ «Զգացողություն կա, թե իշխանությունները բարեփոխումներն իրականացնում են՝ ելնելով այն բանից, թե ինչ կադրեր ունեն, այլ ոչ թե այն բանից, թե ինչ մեխանիզմներ են պետք արդյունավետ կառավարման համար»,- ասել է նա։

Փորձագետն ընդգծել է, որ 2019ը պետք է դառնա կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման տարի, եւ այս իմաստով շատ կարեւոր են այն բարեփոխումները, որոնք նախաձեռնվել են արդեն հունվարից։ «Կառավարության անդամներից պահանջվում են որոշակի ջանքեր, որպեսզի ոչ միայն չխանգարեն համակարգված աշխատանքին, այլեւ նպաստեն կառավարման արդյունավետության բարձրացմանը»,- ավելացրել է Նավասարդյանը։

Նա կարծում է, որ հաշվի առնելով կառավարման խորհրդարանական ձեւի առանձնահատկությունները՝ Ոստիկանությունը, Պետեկամուտների կոմիտեն եւ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ներառվեն կառավարության կառուցվածքում եւ հաշվետու լինեն Ազգային ժողովին։ «Սակայն քաղաքական մարտահրավերները, որոնք կանգնած են երկրի առջեւ, թույլ են տալիս այդ կառույցների ներկա կարգավիճակի ժամանակավոր պահպանում։ Նման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ քաղաքական ավանդույթներով, որոնք ստեղծվել են երկրում։ Հայաստանի քաղաքական համակարգը ուղղահայաց էր, անկախ այն բանից, թե ինչ կարգավիճակում է պետության առաջին դեմքը»,- ամփոփել է Բորիս Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ օրերս խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է կառավարության կառուցվածքի բարեփոխման նախագիծը, որը նախատեսում է հինգ նախարարությունների լուծարում։

loading...