Մ. Կարապետյանը կարող է ջերմեռանդորեն պաշտպանել հոգեհարազատ խմբերի ներկայացուցիչների իրավունքները, բայց դրանք ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է մերը․ Ի․ Տոնոյան (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը համակարծիք է, որ այսօր ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ ապրիլի 5-ին ԱԺ-ի ամբիոնից տրանսգենդերի ելույթը։ Թեպետ նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հայաստանյան ներքաղաքական օրակարգում շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնց քննարկմանը պետք է ուղղված լիներ խորհրդարանականների օգտակար գործողության գործակիցը։

Նա, անդրադառնալով ԲՀԿ-ի ու իշխող «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորների բանավեճին՝ կապված տրանսգենդերին ԱԺ ամբիոն թողնելու հետ, նշեց, որ «Իմ քայլ»-ի պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ձևակերպումներում առնվազն ազնիվ չէ։

«Առնվազն ազնիվ չէ իր ձևակերպումներում, երբ Նաիրա Զոհրաբյանին մեղադրում էր ստախոսության մեջ: Այդ ձևակերպումը, թերևս ավելի շատ բնորոշում է իրեն, քանի որ Մարիա Կարապետյանն ինքն է իր ձևակերպումների մեջ բացարձակ սուտ խոսում:

Իհարկե, Մարիա Կարապետյանը կարող է շատ ջերմեռանդորեն, ակնածանքով ու խնամքով պաշտպանել իր հոգեհարազատ խմբերի ներկայացուցիչների շահերը, դա նրա իրավունքն է, բայց այդ իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսում են մեր իրավունքները։ Մեր քաղաքական ուժը մշտապես բարձրաձայնել է, որ ազգային արժեքների, ընտանիքի, քրիստոնեական  հավատքի կողմնակիցներ ենք։ Այո՛,  մեզ համար կան արժեքներ, որոնք չեն շրջանցելու»,- ասաց նա։

Տոնոյանը շեշտեց՝ իր կուսակից Նաիրա Զոհրաբյանը չի կարող ՀՀ-ում գործող բոլոր ՀԿ-ների ներկայացուցիչներին կամ տրանսգենդերներին դեմքով ճանաչել, որ նրանց ԱԺ քննարկման թողնի կամ արգելի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

ԱՎԵԼԻՆ