Գյուղնախարարությունը սերմնաբուծության զարգացմանն աջակցության նոր ծրագիր է մշակել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում հանրապետության սերմարտադրողների, սերմնաբույծների եւ դաշտային հետազոտողների հետ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Հացահատիկային, հատիկաընդեղեն եւ կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցության» նոր ծրագիրը, քննարկել հանրապետությունում սերմնաբուծության զարգացման հիմնահարցերն ու հեռանկարները։

«Սերմնաբուծությունը մեր երկրի գյուղատնտեսության կարեւոր ուղղություններից է, եւ մենք առաջիկայում ջանքերը պետք է ուղղենք տեղական սերմնաբուծության արտադրական կարողությունների հզորացմանն ու ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ զուգահեռ փոքր խմբաքանակներով ներկրումների միջոցով սորտաթարմացում եւ նոր սորտերի փորձարկումներ իրականացնենք»,- նշել է Գառնիկ Պետրոսյանը։

Նա տեղեկացրել է, որ այդ նպատակով մշակվել է նոր ծրագիր, որը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում։ Ծրագրին մասնակցելու համար հայտեր կարող են ներկայացնել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում գրանցված եւ հավաստագրված ՀՀ բոլոր սերմնաբույծները։

Գյուղատնտեսության փոխնախարարն ընդգծել է, որ ծրագրի իրականացման բոլոր փուլերը լինելու են խիստ վերահսկողության ներքո, որպեսզի բացառվեն հնարավոր թերացումներն ու բացթողումները։

ՀՀ ԳՆ բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը նշել է, որ ծրագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի ու կորնգանի առաջնային սերմնաբուծության կազմակերպման նպատակով Շիրակի, Զանգեզուրի եւ Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական գոտիներում հիմնել 1-ին տարվա տնկարաններ։

Բացի այդ, 2019-2023 թվականներին սորտաթարմացման եւ հետագա բազմացման նպատակով արտերկրից կներկրվի աշնանացան ցորենի եւ գարնանացան գարու էլիտային սերմացու, որը սուբսիդավորված գներով կտրամադրվի սերմնաբուծարաններին 1-ին վերարտադրության սերմացուի ստացման նպատակով։ Կսուբսիդավորվեն նաեւ գրանցված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտադրվող եւ հողօգտագործողներին մատչելի գնով վաճառվող աշնանացան ցորենի մինչեւ 400, գարնանացան գարու մինչեւ 150 տոննա էլիտային սերմացուների, ինչպես նաեւ մինչեւ 2300 տոննա 1-ին վերարտադրության գարնանացան գարու, ընդհանուր առմամբ 40 տոննա հատիկաընդեղեն եւ 32 տոննա բազմամյա խոտաբույսերի սերմացուների քանակությունները։

Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները  պարզաբանումներ են տվել եւ պատասխանել են սերմնաբույծներին հետաքրքրող մի  շարք հարցերի։

ԱՎԵԼԻՆ