Քննության առարկաներից մեկը նաեւ կաշառք տվողի գործողություններն են. Դատախազը՝ Սիլվա Համբարձումյանի մասին

Անձը՝ լինի կին, թե տղամարդ, մեծահասակ, թե փոքրահասակ, քաղաքացի է, որը հաղորդում տալու իրավասություն ունի. եւ ցանկացած մեկի հաղորդումը, որն իր մեջ կպարունակի առերեւույթ հանցագործության մասին տվյալներ, դրանց հիման վրա կհարուցվի քրեական գործ: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է մի կնոջ՝ գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա այդքան քրգործեր հարուցվեն:

Նրա խոսքով, արդեն քրգործ հարուցվելուց հետո կոնկրետ մեկ անձի ասած տեղեկությունները ստուգվում են. «Երբ այդ տվյալները ապացուցվում են փոխպակապցված այլ տեղեկություններով, ուրեմն դա ունենում է մեկ ելք՝ գործը գնում է դատարան: Եթե այդ տեղեկությունները չեն հաստատվում բավարար ապացույցների համակցությամբ, քրգործի վարույթը կարճվում է»:

Հարցին, թե իր համար կասկածելի չէ՞, որ մեկ անձը այդպես աջուձախ կաշառքներ է տվել, Դավթյանը պատասխանեց. «Կասկածելի է, որ կաշառք չի՞ տվել: Քննության ընթացքում պարտադիր քննության առարկաներից մեկը նաեւ գործարքի բոլոր կողմերի գործողություններն են, այդ թվում կաշառք տվողի»:

Այդուհանդերձ, նա նկատեց, որ այդ տարիներին գործող օրենսդրությամբ սահմանված է եղել, որ եթե անձը հայտնում է իրավապահ մարմիններին կաշառք տալու մասին, ազատվում է պատասխանատվությունից:

Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը իրավապահ մարմիններին հայտնել է, որ 14 մլն դոլարի կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

ԱՎԵԼԻՆ