Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը

11:41 22 Մրտ, 2019

ՀՀ կենտրոնական բանկը մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը:

«Գալուստ Գյուլբենկյան-150»

Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) եւ «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը:

Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը եւ նրա ստորագրությունը:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը – 10 000 դրամ

Մետաղը եւ հարգը – ոսկի 900

Քաշը – 8,6 գ

Տրամագիծը – 22,0 մմ

Որակը – պրուֆ

Դրամաշուրթը – ատամնավոր

Տպաքանակը – 1000 հատ

Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես) եւ Վարդան Վարդանյան (դարձերես):

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955 թթ.) հայ մեծանուն գործարար է եւ բարեգործ:  Նա անցյալ դարասկզբին նավթաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչն էր եւ նավթային դիվանագիտության մեջ ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Ուսումնասիրել է Միջագետքի նավթի պաշարները եւ զբաղվել նավթի արտահանմամբ: 1930 թ. Փարիզում ընտրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ:

Գյուլբենկյանի կտակի համաձայն՝ 1956 թ. Լիսաբոնում հիմնվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը, որը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել Սփյուռքի հայ մշակութային միություններին, հայկական դպրոցներին եւ հոգեւոր հաստատություններին, կրթաթոշակներ տրամադրել հայ աշակերտներին եւ ուսանողներին:

Գյուլբենկյանը ձեռք է բերել արվեստի գործերի, մետաղադրամների եւ արվեստագիտական գրքերի հարուստ հավաքածու, որն այժմ ներկայացված է Լիսաբոնում, աշխարհի բացառիկ` Գալուստ Գյուլբենկյանի թանգարանի ցուցասրահներում:

Նշենք, որ հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների եւ դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ եւ մետաղադրամներ» – «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները եւ այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման եւ փոխանակման:

 

loading...