ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության փաստաթղթերն ուղարկվել են մասնակից երկրներին

Բելառուսից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության մասնակից երկրներին, ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

«Բելառուսի առաջարկած թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ արարողակարգերը եւ որոշման ընդունմանն անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ երկրներին»,- ասել է նա։

Սեմերիկովը նշել է, որ քանի որ համաձայնեցման եւ կազմակերպության փաստաթղթերի վերաբերյալ որոշումների ստորագրման ժամկետը կանոնակարգված չէ, ապա ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը՝ հնարավոր չէ։

Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՀԱՊԿ-ը առաջիկա տարում կարող է մնալ առանց գլխավոր քարտուղարի, քանի որ կազմակերպության երկրներից մեկը՝ Հայաստանը, չի համաձայնեցրել այդ պաշտոնին Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը։ Հրապարակման մեջ նշվում էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի հաստատել իր թեկնածուին։

2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանվեց այդ պաշտոնից։ Հայաստանը հայտարարում էր, որ պետք է պահպանի այդ պաշտոնը մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը։

ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։

ԱՎԵԼԻՆ