ԵՊՀ-ն ինքը թող որոշի ուզո՞ւմ է ունենալ էդպիսի ռեկտոր.նախարար

Ես կարծում եմ, որ ԵՊՀ ռեկտորն այստեղ շատ ակնհայտորեն մանիպուլիացիաների է դիմում, իր ղեկավարման տարիներից հարուցված քրեական գործերն ինչ-որ ձեւով քաղաքականացնելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:

«Էդ զրույցը, որին ինքը հղում է անում, եղել է անցած շաբաթ, եթե մարդը մտահոգություն ուներ դրա հետ կապված, կարծում եմ, գիտխորհրդին պետք է ավելի շուտ ասեր դրա մասին: Նա ակնհայտ սուտ է էնտեղ ասել, թե իր առջեւ պայման է դրվել, որ 100-ամյակը չի լինելու, որովհետեւ նա ռեկտոր է: Նրա մոտ էդպիսի հապճեմություն ու խուճապ է առաջացել, որովհետեւ նախորդ օրը քրեական գործեր են հարուցվել»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ ԵՊՀ-ի 100-ամյակի հետ կապված ասել է, որ շատ հստակ ուղերձներ են հղվելու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին՝ ԵՊՀ-ի եւ բարձրագույն կրթության առաջնահերթությունների եւ զարգացման վերաբերյալ. «Քանի որ Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երեւույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում եւ առհասարակ բարձրագույն կրթության ոլորտում՝ ուսանողների սահմանափակումներ, դասախոսների սահմանափակումներ, սրա շրջանակում է եղել իմ մտահոգությունը: ԵՊՀ-ն ինքը թող որոշի ուզո՞ւմ է ունենալ էդպիսի ռեկտոր»:

Նա նշեց նաեւ, որ ընթացիկ տարվա հունվարին ինքը խոսել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, որից հետո անձամբ եկել է վարչապետի մոտ եւ ներկայացրել, որ պետք է նշվի ԵՊՀ-ի 100-ամյակը. «Վարչապետից հատուկ հանձնարարական եմ ստացել ԵՊՀ-ի 100-ամյակը մեծ շուքով նշելու վերաբերյալ, հանձնաժողովի ստեղծման նախագիծն արդեն պատրաստ է»,-ասաց նա:

ԱՎԵԼԻՆ