Հակոբ Արշակյանը եւ Բուլղարիայի դեսպանը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցության հարցերը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա – Կայմակտչիեւային։

Տրանսպորտի, կապի եւ տջեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում կան բոլոր նախադրյալները երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու եւ խորացնելու համար, եւ պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ համապատասխան քայլեր կատարել։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը եւս անդրադարձել է գործակցության ընդլայնման հնարավորություններին, այնուհետեւ նախարարին է ներկայացրել հայ-բուլղարական միջկառավարական հերթական նստաշրջանի կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Նա կարեւորել է նստաշրջանի օրակարգում հայկական կողմի առաջարկություններն ընդգրկելու անհրաժեշտությունը եւ ներկայացրել է օրակարգային հարցերի շրջանակը։

Դրանք հիմնականում առնչվում են ավտոմոբիլային՝ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտներին, փոխադրումների ընթացքում երկկողմ թույլտվությունների ավելացմանը, էլեկտրոնային հաղորդակցության, փոստային եւ առցանց փոստային փոխադրումների ոլորտներում իրականացրած օրենսդրական նախաձեռնություններին, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը եւ այլն։

Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված թեմաները առաջիկայում աշխատանքային կարգով կքննարկվեն, որից հետո կարվեն համապատասխան առաջարկություններ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների միջեւ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

Քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցեր։

 

ԱՎԵԼԻՆ