Վերաքննիչ դատարանում դատավարության ընթացքը եղավ օրինական.Քոչարյանի փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանում դատավարության ընթացքը եղավ օրինական, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի. օրինական ընթացքով ընտրվել էր դատավորը եւ դատավորն ընկալում էր մեր փաստարկները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Դժբախտաբար, վերաքննիչ դատարանի դատավորն իրեն թույլ տվեց կոպտորեն խախտել օրենքը իր վերջնական որոշման մեջ եւ շարունակեց կալանքի տակ պահել պարոն Քոչարյանին մի շարք շատ կոպիտ խախտումներ անտեսելով:

Մի դետալ նշեմ. Մինչ այդ մենք արդեն անդրադարձել էինք այն հարցին, որ 2008 թվականին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված 7 մարդու՝ առավել ակտիվ մասնակիցներին: Հետո 2009-ին Սահմանադրության համապատասխան հոդվածը փոխվեց եւ հիմա սահմանադրական կարգի տապալումը նախատեսված է 300.1 հոդվածով: Այդ փոփոխության արդյունքում այդ 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը այդ մասով դադարեցվեց այն պատճառաբանությամբ, որ 300.1 հոդվածը խստացնում է անձի վիճակը, հետեւաբար քրեական իրավունքի հանրաճանաչ սկզբունքից ելնելով, այդ 7 հոգին խուսափեցին քրեական պատասխանատվությունից՝ սահմանադրական կարգի տապալման համար: Քրեական հետապնդումից խուսափեց նաեւ մեր հարգարժան Նիկոլ Փաշինյանը:

Մեր փաստարկներից մեկն այն էր, որ նույն ստանդարտը պետք է կիրառվի նաեւ պարոն Քոչարյանի նկատմամբ: Չի կարող Քոչարյանի դեպքում հակառակ մոտեցումը կիրառվել»,-հայտարարեց պաշտպանը:

Նա նշեց, որ դատավարության ընթացքում դատախազներից մեկը հայտարարեց, թե դա այն ժամանակվա դատախազի տեսակետն է եղել, որ այդ հոդվածը չպետք է կիրառվի, հիմա էլ մենք ենք այստեղ դատախազը եւ կարծում ենք, որ պետք է կիրառվի. «Այսինքն մեր դատախազությունը հաշվի չի առնում, որ դատախազությունը միասնական համակարգ է, նաեւ անձի ճակատագիրը չի կարող կախված լինել նրանից, թե տվյալ դեպքում դատախազներից որ մեկն է դատարանում մեղադրանքը ներկայացնում: Մենք անգամ վերաքննիչ դատարանին չկարողացանք սա բացատրել»:

Ալումյանը տեղեկացրեց, որ այդ 7 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման տակ ստորագրած 6 դատախազներից մեկն այսօր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն է:

ԱՎԵԼԻՆ