Մակրոնը փետրվարի 5-ի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել

Մակրոնը փետրվարի 5-ի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել

11:51 6 Փտր, 2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ: «Ֆրանսիան գիտե, թե ինչպես առերեսվել պատմությանը: Այն առաջիններից էր, որ 1915թ. հայ ժողովրդի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպություն և 2001թ. ճանաչեց օրենքի ուժով», ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա ավելացրել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների ընթացքում:

«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաեւ մեր հանրապետությունում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսեւորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», – նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այժմ միայն մեկ պետության ղեկավար՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու արժեքները տվյալ համատեքստում:

Մակրոնի խոսքով, Թուրքիայի «նախագահ Էրդողանը դեռ ամբողջ թուրք ժողովուրդը չէ»: Ֆրանսիայի նախագահը նաեւ խոստացել է շարունակել երկխոսությունը՝ պատմական փաստերը լսելի դարձնելու համար. «Ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ամբողջական պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է»:

loading...