Քննարկվել են Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը. կբարձրանա հասարակության վերահսկողական դերը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի մասնակցությամբ փետրվարի 4-ին տեղի է ունեցել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

Նախարարությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների դատավորներ, փաստաբանական համայնքի, քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ շահագրռիռ մարմինների ներկայացուցիչներ:

Արթուր Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ հանրային վերահսկողությունը տարբեր ոլորտներում բարձրացնելուն ուղղված Կառավարության քաղաքականության համատեքստում Արդարադատության նախարարության այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել հասարակության վերահսկողական դերը նաեւ ենթաօրենսդրական  նորմատիվ իրավական ակտերի վիճարկման իրավաչափության հարցում:

Փոխնախարար Հովհաննիսյանը, անդրադառնալով Օրենքի նախագծով նախատեսվող որոշ փոփոխությունների, նշել է, որ նախագծով  ընդլայնվել է վերահսկողության ենթակա ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի եւ դրանք վիճարկելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, սահմանվել է այս վարույթի առավելագույն ժամկետը, հստակեցվել են կայացվելիք դատական ակտի իրավական հետեւանքները եւ լուծվել են քննարկվող վարույթին առնչվող մի շարք այլ հիմնախնդիրներ: Որպես կարեւոր փոփոխություն՝ Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս վարույթի նախաձեռնման իրավունքով նախագիծը օժտել է նաեւ հասարակական կազմակերպություններին եւ դատարաններին:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը հույս է հայտնել, որ քննարկումը կլինի արդյունավետ եւ լրամշակված նախագծի վերջնական տարբերակը ընդունելի  կլինի բոլոր կողմերի համար:

«Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ Նախարարությունը քաջատեղյակ է վարչական դատավարության ոլորտում առկա խնդիրներից եւ հետեւողական՝ դրանց վերացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հարցում, որին է ուղղված նաեւ քննարկվող նախագիծը:

Աշխատանքային քննարկման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնց հիման վրա  նախագծերը կենթարկվեն լրամշակման:

ԱՎԵԼԻՆ