Վերին Արտաշատի ղեկավարը պաշտոնեական լիազորությունները չարաշահել է. Ոստիկանություն

Վերին Արտաշատի ղեկավարի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե։ Այս մասին  հաղորդում է ՀՀ Ոստիկանությունը։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն օպերատիվ աշխատանքով տեղեկություններ են ձեռք բերել, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորոնային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։

Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունը նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ռեստորանային համալիրը գործունեությունը ծավալում է առանց համապատասխան թույլտվության։ Պարզվել է նաև, որ սեփականատերը հաստատության գործունեությունը օրինակացնելու նպատակով նախորդ տարվա հուլիսին Վերին Արտաշատ համայնքի ղեկավարին դիմում է ներկայացրել։

Համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով դիմումատուի ֆինանսական դժվարությունների մասին, ընդառաջել է նրա խնդրանքին և համապատասխան գործողություններ չի ձեռնարկել ռեստորանային համալիրի ապօրինի գործունեությունը կասեցնելու կամ օրինականացնելու ուղղությամբ։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե։

Կատարվում է նախաքննություն։

ԱՎԵԼԻՆ