Դատախազության պարզաբանումը՝ ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի հացադուլի եւ խոշտանգման վերաբերյալ

Դատախազության պարզաբանումը՝ ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի հացադուլի եւ խոշտանգման վերաբերյալ

18:14 4 Փտր, 2019

ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանում է ներկայացրել ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի հացադուլի եւ խոշտանգման վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«Այսօր զանգվածային առանձին լրատվամիջոցներ, «forrights.am» կայքին կատարված հղումով, տեղեկություններ են հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի կողմից անժամկետ հացադուլ հայտարարելու, ինչպես նաեւ նրա կողմից արված՝ իրեն Ոստիկանության Գորիսի բաժնում խոշտանգման ենթարկելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակում է ակնհայտ անճշտություններ, իրականության հետ աղերս չունեցող մանիպուլյատիվ պնդումներ՝ հարկ եմ համարում պարզաբանել հետեւյալը.

1. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել 2019թ. հունվարի 30-ից: Հաջորդ օրն իսկ, հունվարի 31-ին, նրան այցելել է տվյալ քրեակատարողական հիմնարկում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը:

Կայացած ընդունելության ժամանակ դատապարտյալը սահմանված կարգով ենթարկվել է հարցման, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Համաձայն վերջինիս՝ դատապարտյալը հացադուլի հիմնական պատճառ է համարել իր քրեական գործը վերանայելու պահանջը: Դատախազը նրան համապատասխան խորհրդատվություն է տրամադրել, ինչպես նաեւ հորդորել է դադարեցնել հացադուլը՝ նկատի առնելով, որ նրա ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական վարույթ:

Այսօր՝ փետրվարի 4-ին եւս, Վ. Ավետիսյանին այցելելու նպատակով «Արմավիր» ՔԿՀ-ում է գտնվում դատախազ՝ հացադուլի մեջ գտնվելու ընթացքում նրա իրավունքների պաշտպանության, առողջական վիճակին, անհրաժեշտության դեպքում ցուցաբերվող բժշկական օգնության վիճակին տեղում ծանոթանալու, կրկին հացադուլը դադարեցնելու հորդոր հղելու նպատակով:

Վերոնշյալ իրողությունները փաստում են, որ կայքը հրապարակել է հացադուլի մեջ գտնվող անձին «պատկան մարմիններից չայցելելու» մասին իրականության հետ ոչ մի աղերս չունեցող տեղեկատվություն:

2. Վ. Ավետիսյանի նկատմամբ ենթադրյալ խոշտանգման դեպքի առթիվ դեռ 2018թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (քանի որ կատարված ենթադրյալ դեպքի ժամանակ՝ 2008թ. ՀՀ քրեական օրենսգրքով դեռեւս նախատեսված չի եղել խոշտանգման մասին 309.1 հոդվածը), հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՀՔԾ վարույթում:

Վ. Ավետիսյանը ճանաչվել է տուժող եւ նրա հետ կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ: Այսինքն ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դատապարտյալի կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական կարգով պարզելու եւ անհրաժեշտ իրավական գնահատականները տալու համար:

Ընդ որում՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել forrights.am կայքում 2018թ. օգոստոսի 18-ին Վ. Ավետիսյանի վերաբերյալ հրապարակված «Ոտքերն ու ձեռքերը կապկպել են, նետել հատակին ու սպառնացել՝ եթե տաքսիստի սպանությունն իր վրա չվերցնի, կբռնաբարեն» վերտառությամբ հոդվածը, որը ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ դրանում խոշտանգման մասին նշվող տեղեկությունների առթիվ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ:

Հետեւաբար որեւէ հիմք չունեն նաեւ հրապարակման մեջ արվող այն պնդումները, որ դատապարտյալի կողմից արված հայտարարություններն անուշադրության են մատնվել եւ «Դատախազությունն աչք է փակել այդ հանգամանքների վրա»:

loading...