«Հայաստանը բանակցող կողմ է». ԱԳ նախարարը պարզաբանեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

«Հայաստանը բանակցող կողմ է». ԱԳ նախարարը պարզաբանեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

17:35 4 Փտր, 2019

ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, մասնակցում է բանակցություններին եւ շարունակելու է այդ ամենն անել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ է արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը, թե Հայաստանը հակամարտության կողմ է։

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ պաշտոնական հնարավոր հանդիպման մասին հարցին Մնացականյանը խորհուրդ տվեց չշտապել. «Չշտապենք, որովհետեւ շատ էական է, որ մենք շարունակենք կառուցել այս գործընթացն այնպես, որ կարողանանք արդյունք ունենալ, վստահ լինենք, որ հաջորդ քայլը նախաձեռնված է այնպես, որ կարողանանք դինամիկան պահպանել»։

Հարցին՝ դինամիկան, իր կարծիքով, պահպանվո՞ւմ է, նա դրական պատասխանեց. «Եթե ինձ եք հարցնում, հուսով եմ՝ չեմ սխալվում, որ այո, պահպանվում է»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը պատերազմի կամ բանակցություններից դուրս գալու սպառնալիք է արդյոք, որին Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Մենք շարունակում ենք աշխատել, իրենք թող մտածեն»։

Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել էր, թե դժվար է հասկանալ պարոն Փաշինյանի տրամաբանությունը։ «Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հիմքում հենց հայկական զինուժի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից», – ասված է հայտարարության մեջ։

«Այդ պահանջը արտացոլված է ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերում, նաեւ գրեթե բոլոր փաստաթղթերում, որոնք ընդունվել են միջազգային կազմակերպությունների կողմից հակամարտության կարգավորման շրջանակում։ Այդ դեպքում հարց է առաջանում. արդյո՞՚ք չի նշանակում պարոն Փաշինյանի այս դիրքորոշումը, որ նա հրաժարվում է բանակցություններից», – նշված է հայտարարության մեջ։

loading...