Պարզվում է Հելսինկիում անտուններ չկան. BBC

Պարզվում է Հելսինկիում անտուններ չկան. BBC

22:22 1 Փտր, 2019

Մեծ Բրիտանիայի փողոցներում գիշերող անտունների քանակը 2010 թվականից ի վեր զգալիորեն աճել է, ինչը չի կարելի  փաստել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի մասին, հաղորդում է BBC News-ը:

Ինչպես նշում է պարբերականը, դրա պատճառը նորարարական բանաձեւն է, որը որդեգրվել է պետության կողմից: 

«Ցրտաշունչ երեկոյան հայտնվելով Հելսինկիի երկաթուղային կայարանում՝ գրեթե անմիջապես անսովոր երեւույթ ես նկատում. չկա փողոցում գիշերող կամ մուրացիկ գեթ մեկ մարդ»,-գրում է պարբերականը:

Փողոցներում քնապարկերում կամ վրաններում քնած մարդկանցով լի Մեծ Բրիտանիայի գլխավոր քաղաքների միջեւ տարբերությունը պարզապես ապշեցուցիչ է:

«Հիշում եմ, երբ դեռ երեխա էի, այգիներում եւ անտառներում գիշերում էին հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր մարդիկ: Դա ակներեւ էր, սակայն այժմ այդպես չէ: Հելսինկիում անտուններ չկան»,-պարբերականին հայտնել է Հելսինկիի փոխքաղաքապետ Սաննա Վեսինսկայան:

Ինչպես նշում է BBC News-ը, վերջին 30 տարիների ընթացքում անտուն մարդկանց խնդիրը Ֆինլանդիայի կառավարության հիմական խնդիրներից մեկն էր:

1987 թվականին երկրում կար ավելի քան 18 000 անտուն: 2017 թվականի վերջին անտունների թիվը պաշտոնապես կազմում էր շուրջ 6 600 մարդ:

Երկրում, ընդհանուր առմամբ, սեփական բնակարան չունեցող մարդկանց մեծ մասը բնակվում է ընկերների, բարեկամների հետ կամ ժամանակավոր կացարաններում: Նրանցից շատ քչերն են գիշերում փողոցում:

loading...