Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլեւս վտանգված չէ.վարչապետ

Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլեւս վտանգված չէ.վարչապետ

14:28 1 Փտր, 2019

Ինչպես եւ յոթ տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում իր ելույթում նշեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ազատության, արդարության եւ համերաշխության սկզբունքներն են ընկած Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի գործունեության հիմքում, եւ ես պատիվ ունեմ խոսելու այստեղ՝ դիտարկելով այն որպես խորհրդանշական եւ կարեւոր իրադարձություն:

Խորհրդանշական է, քանի որ ինչպես եւ յոթ տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում: Նաեւ խորհրդանշական, քանի որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ելնում էր Հիմնադրամի գաղափարներից եւ սկզբունքներից:

Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել եւ խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլեւս վտանգված չէ:

Այս դրական զարգացումների տրամաբանական գագաթնակետն անցյալ տարվա դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Դրանք միջազգային դիտորդական առաքելությունների կողմից գնահատվել են որպես միջազգային չափանիշներին համահունչ, ժողովրդավարական, ազատ, արդար եւ թափանցիկ: Ըստ իս, դրանք միակ չվիճարկված ընտրություններն էին 1991-ին՝ ԽՍՀՄ փլուզման նախօրեին կայացած ընտրություններից ի վեր:

Այս վերջին ընտրություններն ամրապնդեցին մեր ձեռքբերումները եւ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը ժողովրդավարությանն այլընտրանք չի տեսնում: Նոր Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժերը հաղթանակ տարան: Նախկին քաղաքական վերնախավը ներկայացնող ուժերը ճնշող մեծամասնությամբ մերժվեցին:

Հայ ընտրողը մերժեց բոլոր նրանց, ում անուններն աղերսվում էին կոռուպցիայի, հիմնարար ազատությունների սահմանափակման, վատ կառավարման, տնտեսական անարդյունավետության եւ լճացման հետ:

Փոխարենը, նրանք իրենց քվեն տվեցին խորը փոխակերպման, օրենքի գերակայության եւ հաշվետու կառավարման վրա հիմնված հասարակությանը: Մեր ժողովրդավարական նվաճումների համար «Էկոնոմիստը» Հայաստանին ճանաչեց տարվա երկիր:

Այսօր մեր կառավարությունն աննախադեպ լեգիտիմության եւ հանրային վստահության քվե ունի: Վերջին հարցումներից մեկի համաձայն` մեր հասարակության ավելի քան 70 տոկոսը վստահ է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ:

Մի կողմից, այս աննախադեպ վստահության մակարդակը մեզ պարտադրում է վճռական քայլեր կատարել բարեփոխումների ուղղությամբ, եւ այս հարցում մենք ձախողելու իրավունք չունենք: Մյուս կողմից, հանրային վստահությունը տալիս է յուրահատուկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք մեր ձեռքբերումներն ամրապնդելու եւ մեր երկրում ժողովրդավարության ապագայի պաշտպանության համար»:

loading...