Երևանը 4 Սու-300ՍՄ կործանիչ է գնել Ռուսաստանի ներքին գներով. «Կոմերսանտը» մանրամասներ է հայտնում

Երևանը 4 Սու-300ՍՄ կործանիչ է գնել Ռուսաստանի ներքին գներով. «Կոմերսանտը» մանրամասներ է հայտնում

14:12 1 Փտր, 2019

Մոսկվան ու Երևանը պայմանագիր են ստորագրել Հայաստանին 4 բազմաֆունկցիոնալ Սու-300ՍՄ կործանիչներ մատակարարելու վերաբերյալ, որոնք Հայաստանի զինված ուժերում շարք կմտնեն արդեն 2020թ.: Ռուսական «Կոմերսանտ» թերթին հայտնի է դարձել, որ գործարքում ռուսական կողմը «լուրջ զիջումների» է գնացել. ոչ միայն վարկ են դուրս գրել, այլև կործանիչները վաճառել են ներքին գնով, ոչ թե արտահանման: Պայմանագիրը նշանակալից կարելի է համարել նաև, ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար. մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ երկրի ռազմաօդային ուժերը ձեռք են բերում նոր, այլ ոչ թե նախկինում օգտագործված ավիատեխնիկա, գրում է թերթը: Սու-30ՍՄ կործանիչների մատակարարման նոր պայմանագրի ստորագրման մասին հայտնել էր «Սպուտնիկ» գործակալությունը՝ վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ռազմական գերատեսչությունում հաստատել էին գործարքի ստորագրման փաստը, բայց չէին հստակեցրել ոչ կործանիչների թիվը, ոչ գործարքի արժեքը՝ հավելելով միայն, որ «նախկինում ռուսական կողմից տրամադրված 100 մլն դոլար վարկի շրջանակում սպառազինության ձեռքբերման գործընթացը գտնվում է իրականացման փուլում»: «Ռոսօբորոնէքսպորտ»-ը և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը զերծ են մնացել մեկնաբանություններից: Վկայակոչելով ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի թոփ-մենեջերի խոսքերը՝ թերթը գրում է, որ պայմանագրի համաձայն՝ Հայաստանը 2020թ. կստանա Սու-30ՍՄ 4 կործանիչներ: «Գործարքն իրականացվում է ՀԱՊԿ գծով: Չնայած համաձայնագիրը համարվում է առևտրային, և գնումն իրականացվում է ռուսական կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին, յուրաքանչյուր կործանիչի արժեքը Հայաստանի ռազմաօդային ուժերի համար նույնքան է, որքան այն արժե ՌԴ ԶՈւ-ի համար»,- ասել է թերթի զրուցակիցը՝ նշելով, որ «ռուսական կողմից նման պայմանների առաջարկը իսկական նվեր է»: Պայմանագրով նախատեսված է նաև հայ օդաչուների վերապատրաստում Ռուսաստանի ռազմական հաստատություններում: Սու-30ՍՄ կործանիչների նկատմամբ հայկական կողմը սկսել էր հետաքրքրություն ցուցաբերել դեռ 2010թ.: Ավելի վաղ թերթը գրել էր, որ 2012թ. Մոսկվան ու Երևանը պայմանագիր էին ստորագրել, ըստ որի՝ Հայաստանը մի քանի տարվա ընթացքում պետք է ստանա առնվազն 12 կործանիչ: Բայց պայմանագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով: Դրանից հետո երկրները պարբերաբար վերադառնում են գործարքի հեռանկարների քննարկմանը, բայց երկար ժամանակ փոխհամաձայնության հասնել չէր հաջողվում: Գործարքին վերադառնալու թեման դարձյալ բարձրացվեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո. իհարկե, պատվիրատուի ֆինանսական հնարավորություններից ելնելով՝ քննարկվում էր միայն 6 կործանիչներ գնելու հարցը: Մի շարք բանակցություններից հետո պայմանավորվեցին 4-ի շուրջ, բայց դա «ավելի լավ է, քան ոչինչ», ասել է «Կոմերսանտի» աղբյուրը Ռազմատեխնիկական համագործակցության ծառայությունից: «Ըստ էության, սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի պաշտպանության նախարարության ստորագրած առաջին պայմանագիրն է, մեզ համար կարևոր էր հաստատել ՀԱՊԿ դաշնակցի մոտ մեր դիրքերի ամրությունը»,- ասել է նա: Экспорт вооружений ամսագրի խմբագիր Անդրեյ Ֆրոլովի խոսքով՝ Հայաստանի կողմից անգամ քիչ թվով Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը կարելի է համարել նշանակալից. վերջին տասնամյակում առաջին անգամ նրանք ձեռք են բերում նոր, և ոչ թե նախկինում օգտագործված կործանիչներ: «Սա լուրջ քայլ է, որը կարող է զգալիորեն բարձրացնել երկրի ռազմաօդային ուժերի ներուժը»,- ասել է Ֆրոլովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի արձագանքը այդ համաձայնագրին կլինի սպասելիորեն բացասական, քանի որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը չունեն այդքան առաջադեմ ավիատեխնիկա, նրանց մոտ միայն Ուկրաինայում արդիականացված ՄիԳ-29 կործանիչներ են: «Այս հայ-ռուսական գործարքը կարող է Բաքվին մղել գնելու նոր ինքնաթիռներ, ընդ որում, պարտադիր չէ Ռուսաստանից, այլ, օրինակ, Պակիստանից», ասել է Ֆրոլովը: Aravot.am-ը հիշեցնում է, որ օրերս ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրեսի» հետ զրույցում ասել էր, որ կործանիչներ գնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, բայց «գնվելը կլինի այն ժամանակ, երբ (կործանիչները, – խմբ․) կլինեն Հայաստանում, և մենք կցուցադրենք»։ 

loading...