Հետայսու Կենդանաբանական այգին ունենալու է կառավարման խորհուրդ.Գոշ Սարգսյան

Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անցկացնող կենդանասերներին եւ Կենդանաբանական այգու աշխատակիցներին քաղաքապետարանում ընդունեց Երևանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

Նա նշեց, որ բողոքի ծավալը բավականին մեծ է, եւ հնարավոր չէ բոլոր հարցերին այս պահին պատասխանել, քանի որ շատ խնդիրներ, որոնց մասին իրենք նամակներ են ստացել, դեռ քննում են։ «Մենք չենք պաշտպանում որեւէ մեկի շահը, պաշտպանում ենք Երեւանի կենդանաբանական այգու շահերը»,– նշեց նա։ 

Սարգսյանը հաղորդեց, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից Կենդանաբանական այգում ընթացող, 2016-2018թթ. աշխատանքներն ընդգրկող աուդիտն ավարտվել է։ «Երկու օր առաջ ավարտվել են ուսումնասիրությունները, սպասում ենք եզրակացությանը, որը հրապարակվելու է։ Կենդանաբանական այգու կանոնադրության մեջ կատարում ենք փոփոխություն, որը փետրվարի 12–ին Երեւանի ավագանու նիստում կդրվի քննարկման, կձեւավորվի կառավարման խորհուրդ, հետայսու Կենդանաբանական այգին ունենալու է կառավարման խորհուրդ, որը բաղկացած կլինի 11 անդամից՝ երկուսը կենդանաբանական այգու աշխատակիցներ կլինեն, մյուսները՝ հասարակական սեկտորից»,– նշեց Սարգսյանը։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 1-ին, Երեւանի կենդանաբանական այգու նախկին եւ ներկա աշխատակիցները, կենդանասերները բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց։ Նրանք պահանջում են կասեցնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, կառավարման խորհուրդ ստեղծել եւ անցկացնել տնօրենի ընտրություններ: Ակցիայի մասնակիցները պահանջում են ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացուցիչներ կլինեն նաեւ քաղաքապետարանից, ինչպես նաեւ մասնագետներ, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված հարցերը:

Հիշեցնենք, որ բողոքները կենդանաբանական այգու տնօրենից սկսվել են դեռեւս մեկ ամիս առաջ, երբ այգու մի քանի տեսակի կենդանիներ անկեցին։

ԱՎԵԼԻՆ