Մեր ուսուցիչներն կարո՞ղ են նպաստել աշակերտի քննադատական մտածողության զարգացմանը. Արայիկ Հարությունյանը պարզաբանեց

Մեր ուսուցիչներն կարո՞ղ են նպաստել աշակերտի քննադատական մտածողության զարգացմանը. Արայիկ Հարությունյանը պարզաբանեց

13:44 1 Փտր, 2019

Մեր ուսուցիչներն ունեն այն հմտությունները, որ կարողանան աշակերտների մոտ զարգացնել քննադատական միտքն ու լայն աշխարհայացքը, բայց այդ հմտություններն ավելի զարգացնելու համար մենք մեր վերապատրաստումների ծրագրերում նախատեսում ենք այնպիսի հմտությունների փոխանցում, որը թույլ կտա այդ խնդիրը լուծել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Համագործակցության հուշագրով, մասնավորապես, նախատեսվում են Անգլերենի ակումբների ստեղծում ՀՀ մի շարք համայնքներում։

«Իրականում այս ակումբներում բացի լեզվի դասընթացներից նաեւ լինելու են նման դասընթացներ՝ բանակցելու, բանավիճելու հմտությունները զարգացնելու համար։ Մեր հասարակության մեջ եւ աշակերտների շրջանում նման հմտությունների բացակայությունը կամ պակասը երբեմն հանգեցնում է համակեցության կանոնների խախտման եւ տարբեր բարքերի սերմանման։ Մենք կարծում ենք, որ այդ մեթոդների կիրառումը թույլ կտա տասնամյակներով սերմանված արատներից հրաժարվելու հարցում»,–նշեց Արայիկ Հարությունյանը։ 

Հարցին՝ ակումբներում ուսուցանվող անգլերենը տարբերվելո՞ւ է հանրակրթական դպրոցներում դասավանդվող անգլերենից, ԿԳ նախարարը պատասխանեց. «Ակումբներում ուսուցանումը տեղի է ունենում Բրիտանիայում մշակված մեթոդներով, բնականաբար որպես դրսում օտար լեզվի դասավանդման մեթոդաբանություն ավելի զարգացած է եւ ավելի հղկված է»։

Արայիկ Հարությունյանը հայտնեց՝ այս ակումբներում նաեւ ուսուցիչներն են վերապատրաստվելու։ «Ես քիչ առաջ մեր ուսուցիչներից մեկի հետ խոսում էի, եւ նա ասաց, որ այդ հմտությունները ակումբերից տեղափոխում է դասարան, ինչը կարեւոր է անգլերենի զարգացման առումով»։

ԿԳ նախարարը նշեց, որ լեզուների դասավանդումը «ոչ բարձր մակարդակի վրա է այսօր ՀՀ–ում, ինչպես մնացած բոլոր առարկաների առումով կարող ենք ասել»։  Նրա խոսքով՝ լեզուների ուսուցանումը զարգացնելու հարցումԱնգլերենի ակումբները կօգնեն։

Նշենք, որ «Բարելավելով հմտություննեը հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագրի շրջանակներում Բրիտանիայի խորհուրդը վեց Անգլերենի ակումբ է ստեղծել մայրաքաղաք Երեւանում, Վանաձոր, Հրազդան, Սեւան, Աշտարակ, Մասիս եւ Արարատ քաղաքներում։ Ակումբներում դասավանդելու նպատակով վերապատրաստվել են շուրջ 200 ուսուցիչ, շահառու աշակերտների քանակը հասնում է 1000–ի։

loading...