Քոչարյանը վաղը` փետրվարի 1-ին, դատարանում հանդես կգա հայտարարությամբ

Քոչարյանը վաղը` փետրվարի 1-ին, դատարանում հանդես կգա հայտարարությամբ

22:30 31 Հնվ, 2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունվարի 31-ին, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը. այն կշարունակվի փետրվարի 1-ին՝ ժամը 15։00-ին։

Երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ պաշտպանական կողմն այսօր ամբողջությամբ ներկայացրել է Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը։ Նա նշեց, որ հաջորդ դատական նիստին հայտարարությամբ հանդես կգա և իր դիրքորոշումը կներկայացնի նաև Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18-ին բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել է 2018թ. հուլիսի 27-ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ։ Օգոստոսի 13-ին այս որոշումը բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։ Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվել է 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում են նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը եւ Սեյրան Օհանյանը։

loading...