Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ

19:02 31 Հնվ, 2019

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին նեղեկանում է նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանի ղեկավարին յոթերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Ազգային ժողովը բոլոր ջանքերը կգործադրի՝ նպաստելու երկրի առաջընթացին: 

Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում, զրուցակիցները կարևոր են համարել խորհրդարանի ակտիվ գործունեությունը ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովը նոր քաղաքական մշակույթի ձևավորման, երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ է, և հուսով է, որ խորհրդարանական բոլոր ուժերն այն առավելագույնս արդյունավետ կօգտագործեն՝ ի շահ նոր Հայաստանի ու ժողովրդի:

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում համագործակցել խորհրդարանի հետ և աջակցել օրենսդիր մարմնի գործունեությանը:

 

loading...