Տնտեսական հեղափոխության համար մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի բոլոր հնարավորություններից. Փաշինյանը՝ Քյոլնում

Տնտեսական հեղափոխության համար մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի բոլոր հնարավորություններից. Փաշինյանը՝ Քյոլնում

17:21 31 Հնվ, 2019

Տեղեկատվական տեխնոլոգիաները հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էին: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին,  Քյոլնի Տեխնիկական համալսարանում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ելույթ է ունեցել «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո. Թվային եւ տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» թեմայով:

Նրա խոսքով, արդեն տասնամյակներ շարունակ տեխնոլոգիական հեղափոխություն է ընթանում, եւ դա անդառնալի իրականություն է, որը մեզ տեղափոխում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության շեմ. «Այն սկիզբ դրեց ազատության եւ անկախության, համագործակցության եւ առանց սահմանների շփման եւ անսահման հնարավորությունների ուխտի: Մենք ականատեսն ենք առաջադեմ վերափոխման այն ամենի, ինչ ասում եւ անում ենք: Թվային սարքերը փոխեցին հաղորդակցության եղանակները. Այսօր կիրառվում են սպառողների, արտադրողների եւ մատակարարների, եւ որ առավել կարեւոր է՝ քաղաքացիների եւ կառավարությունների միջեւ հարաբերության նոր բանաձեւեր»,-ընդգծել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նկատել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ունենալ կապի այնպիսի միջոցներ, որոնք չեն կարող վերահսկվել. «Այս մեխանիզմը մարդկանց հնարավորություն է տալիս բարձրաձայնել իրենց տեսակետը եւ ունենալ հաշվետու կառավարություն, ժողովրդավարությունը դարձնել ավելի գործնական եւ մատչելի: Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում:

Սոցիալական ցանցերի միջոցով հայ ժողովուրդը համախմբվեց՝ ոչ ասելու նախկին վերնախավին, որը չէր վայելում ժողովրդի վստահությունը: Թավշյա հեղափոխությամբ հայերը վերջ դրեցին վատ կառավարման դարաշրջանին` հանուն թափանցիկության: Նրանք վերջ դրեցին անսահմանափակ իշխանության դարաշրջանին՝ կառավարությանը պատասխանատվության կանչելու համար»:

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ թվային եւ տեխնոլոգիական դարաշրջանը խոստանում է թափանցիկություն, հաշվետվողականություն եւ մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանություն, եւ հայ ժողովուրդը հաջողությամբ կատարել է այդ ամենը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը: Այժմ մենք ունենք ոչ պակաս կարեւոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից», – շեշտել է Հայաստանի վարչապետը:

ՏՏ-ը եւ թվային դարաշրջանը բարձրացնում են երկրների միջազգային մրցունակությունը, նշեց Փաշինյանը եւ հավելեց․ «Սա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն են ունենում գլոբալ գործընթացների վրա:

ՏՏ-ը բոլոր խաղացողների համար ապահովում է հավասար պայմաններ՝ նրանց դիրքից եւ կարողություններից անկախ: Այդ իսկ պատճառով, Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը: Մենք իրապես բռնել ենք տեխնոլոգիական եւ արդյունաբերական տնտեսություն կառուցելու ճանապարհը»,-հայտարարել է Փաշինյանը:

loading...