1.53 միլիարդ մարդ ամեն օր Facebook է մտնում

1.53 միլիարդ մարդ ամեն օր Facebook է մտնում

15:32 31 Հնվ, 2019

Այն մարդկանց թիվը, ովքեր Facebook են մտնում ամեն օր, հասել է 1.53 միլիարդի։ Այդ է վկայում  Facebook ընկերության ողջ 2018 տարվա եւ չորրորդ եռամսյակի համար հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը, որին պատկանում է նույնանուն սոցիալական ցանցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես փաստաթղթից է հետեւում, 2018-ի դեկտեմբերին 1.53 միլիարդ մարդ սոցիալական ցանց է մուտք գործել օրական առնվազն մեկ անգամ: Այս ցուցանիշը մեկ տարվա ընթացքում ավելացել է 9 տոկոսով: Միեւնույն ժամանակ, ամսական առնվազն մեկ անգամ Facebook մտնողների թիվը գերազանցել է 2.32 միլիարդը, ինչպես նաեւ՝ տարեկան աճը կազմել է 9 տոկոս: 

Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխարհում ավելի քան 2.7 միլիարդ մարդ ամսեկան առնվազն մեկ անգամ օգտվում է նրա ինչ-որ ծառայությունից: Այս ցանկում, բացի Facebook-ից, ներառվել է Instagram սոցիալական ցանցը, ինչպես նաեւ Messenger եւ WhatsApp ակնթարթային հաղորդակցման հավելվածները: Նրանք, ովքեր դա անում են առնվազն օրական մեկ անգամ, ըստ ընկերության, ավելի քան 2 միլիարդ են:

Facebook-ը նաեւ տեղեկացրել է, որ 2018-ին իր մաքուր շահույթը հասել է 7,57 դոլարի՝ մեկ բաժնետոմսի հաշվարկով, կամ 22,11 միլիարդ դոլար համրագումարի։ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 15,93 միլիարդ դոլար: Միեւնույն ժամանակ, շահույթը 2018 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է  6.88 միլիարդ դոլար։ Սա ռեկորդային է ընկերության համար, ասել է CNN հեռուստաընկերությունը: Նա ընդգծել է, որ նախկինում ընկերության շուրջ առաջացած սկանդալը զգալի ազդեցություն չի թողել նրա ֆինանսական ցուցանիշների վրա:

loading...