Ինսուլտը կբուժվի անվճար.Կառավարության որոշմամբ բուժօգնության նոր սոցփաթեթ ներդրվեց

 
 

Կառավարությունն այսօր՝ հունվարի 31-ի իր նիստում իր որոշմամբ նոր բուժօգնության փաթեթ ներդնելու վերաբերյալ որոշում կայացրեց:

Նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այն տարածվելու է հետեւյալ կատեգորիայի անձանց վրա. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 եւ ավելի բարձր բալ ունեցող, Հայերնական մեծ պատերազմի մասնակիցները եւ նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում եւ անօթեւանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածներ, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձինք, ձերբակալված եւ կալանավորված անձինք:

«Նրանց համար գործելու է նույն փաթեթը, ինչը գործել է նախկինում զինծառայողների եւ սոցփաթեթի շահառուների համար՝ հավելյալ 18 թանկարժեք բժշկական միջամտություններով: Դրանց մեջ են սրտի վիրահատությունները, գլխուղեղի վիրահատությունները, աչքի վիրահատությունները, լիպոտրիպսիան եւ այլն: Դրա համար մենք պետական բյուջեից հատկացրել ենք 1,4 մլրդ դրամ եւ ողջ փաթեթը կազմելու է մոտ 3 մլրդ դրամ: Նվազեցվել է նաեւ պոռուպցիայի ռիսկը եւ այս քաղաքացիները որեւէ այլ վճար չպետք է կատարեն»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, երկրորդ փոփոխությունը վերաբերում է ստոմատոլոգիական բուիժօգնությանը. «Սահմանվել է, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 եւ ավելի բալ ունեցող անձինք, առաջին կարգի հաշմանդամները, մինչեւ 7 տարեկան երեխաները, 7-12 տարեկան սոցիալապես անապահովների ցանկում ընդգրկված երեխաները, զորակոչային եւ նախազորակոչային տարիքի անձինք ստոմատոլոգիական ծառայություններ ստանում են առանց համավճարի կիրառման: Հիմա ամբողջությամբ պետությունը կվճարի: Այս ծրագրի համար նախատեսված է 500 մլն դրամ»:

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ առաջին փոփոխությունը տարածվելու է շուրջ 230 հազար մարդու վրա, որի արդյունքում կանխատեսված դեպքերի քանակը մոտ 16 հազար կլինի, 12 հազարի փոխարեն, այսինքն մոտ 4 հազարով կավելանա դիմելիությունը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ իր հրամանով վաղվանից սկսվելու է գլխուղեղի իշեմիկ կաթվածի՝ ինսուլտի բուժման ծրագիր երկու բուժհաստատություններում: «Այսինքն այդ բժշկական միջամտությունները կատարվելու են պետպատվերի շրջանակներում, դրանք 1-4 մլն դրամի շրջանակներում միջամտություններ են»,-ասաց նա:

 

ԱՎԵԼԻՆ