Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ պայմանագրում կատարված փոփոխությունները

Հինգշաբթի Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) պատգամավորները լիագումար նիստում քննարկել եւ հավանություն են տվել 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխությունների կատարելու մասին արձանագրության վավերացմանը:

Օրինագիծը Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի հավանությունն էր ստացել 2018-ի դեկտեմբերին: ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարներն արձանագրությունը ստորագրել էին 2018 թվականի մարտի 15-ին Մոսկվայում: 

Արձանագրության նպատակն է փոփոխության կատարումը պայմանագրի 10-րդ հոդվածի 2-րդ կետում, որը վերաբերում է Բարձրագույն խորհրդի կազմում  ոչ միայն անդամ պետության ղեկավարի, այլեւ անդամ պետության կառավարության ղեկավարի մտնելու հնարավորության հաստատումը, որն իր պետության օրենսդրության համաձայն օժտված է Բարձրագույն խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերով որոշումներ ընդունելու լիազորություններով:

Ըստ Սենատի մամուլի ծառայության տեղեկությունների՝ ԵՏՄ պայմանագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված էր Հայաստանում կատարված սահմանադրական փոփոխություններով, որոնց համաձայն՝ այս երկիրը 2018-ի ապրիլից ամբողջությամբ անցել է կառավարման խորհրդարանական համակարգի, որը նախատեսում է արտաքին քաղաքականության ոլորտում նախագահի հիմնական լիազորությունների փոխանցում  Հայաստանի կառավարությանն ու վարչապետին:

ԱՎԵԼԻՆ