Ժողովրդավարությունը մեզ համար արժեք է, ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշում. Նիկոլ Փաշինյանը՝ Յոհաննես Հանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 29-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: Այս մասին տեղեկանում ենք կառավորության մամուլի ծառայությունից։

Ողջունելով ԵՄ հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ ժողովրդավարական զարգացմանը եւ բարեփոխումների գործընթացին ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը եւ նշել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել փոխգործակցությունը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: «Ժողովրդավարությունը մեր հասարակության համար արժեք է, ներքին համոզմունք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշում: Այս համատեքստում կարեւորում ենք ԵՄ աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին», – նշել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ երկրի ղեկավարն ասել է, որ ընտրություններն անցկացվել են ազատ եւ թափանցիկ, ինչն ընդունվել է միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, եւ Հայաստանը հաստատակամ առաջ է ընթանում ժողովրդավարության զարգացման ճանապարհով: Վարչապետն ընդգծել է՝ կառավարության օրակարգում այժմ երկրում տնտեսական հեղափոխության իրականացումն է, եւ այդ ուղղությամբ հետեւողական քայլեր են ձեռնարկվում: 

Իր հերթին Յոհանես Հանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ պատրաստ է նպաստելու տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների իրականացմանը: ԵՄ հանձնակատարը ողջունել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները՝ ընդգծելով, որ «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից Հայաստանը կարեւոր գործընկեր է ԵՄ-ի համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի շուրջ, անդրադարձել Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին վերաբերող հարցերի: Արծարծվել են, մասնավորապես, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, գործարար միջավայրի բարելավմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարեւորվել է հատկապես անկախ դատական համակարգի ամրապնդման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը եւ Յոհանես Հանը քննարկել են նաեւ տնտեսական գործակցության հետագա ընդլայնման, ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես, երկուստեք հեռանկարային է համարվել ենթակառուցվածքների, կրթության, էներգետիկայի եւ այլ ուղղություններով նոր նախաձեռնությունների իրագործումը: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտին հասցնելը եւ դրա առաջին փուլի շրջանակում քայլերի ձեռնարկումը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է բոլոր գործընկերների հետ եւ ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության հետեւողական զարգացումը՝ ընդգծելով Հայաստան-ԵԱՏՄ, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների խորացման կարեւորությունը:

ՀՀ վարչապետը եւ ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ:

 

ԱՎԵԼԻՆ