Կրակոցներ Իրան-Ադրբեջան սահմանին․ ադրբեջանցիները ձերբակալել են սահմանախախտներից մեկին

Երեկ երեկոյան Ադրբեջանի հարավ-արևմուտքում՝ Իրանի սահմանի մոտ գտնվող Էդիշա գյուղի մոտ, առնվազն երկու իրանցի հատել է միջպետական սահմանն ու անցել Ադրբեջան։ Այս մասին իմանալուց երկու ժամ հետո ադրբեջանցի սահմանապահները կարողացել են հայտնաբերել սահմանախախտներին, բայց վերջինները չեն հանձնվել։ Զինված լինելով ինքնաձիգներով ու նույնիսկ գիշերային տեսանելիության սարքով՝ նրանք կրակել են սահմանապահների ուղղությամբ։

Ադրբեջանցիներն իրենց հերթին մտել են փոխհրաձգության մեջ։ Իրանցիներից մեկի կրակոցը դիպել է ադրբեջանցի սահմանապահների մեքենային, ադրբեջանցիների կրակոցը՝ իրանցիներից մեկին։ Դրանից հետո ադրբեջանցիները կարողացել են ձերբակալել վիրավորված սահմանախախտին, ու պարզվել է, որ նա արդեն երրորդ անգամ է ապօրինի հատում սահմանը։

Մյուս սահմանախախտի որոնումները արդյունք չեն տվել, իսկ ձերբակալվածի մոտ ադրբեջանցիները հայտնաբերել են թմրանյութեր, ինչը նույնպես առաջին անգամ չէ։ Պարզվում է՝ ձերբակալված Շախզադ Նասիրլին, դեռևս 2007 թվականին ձերբակալվել է թմրանյութերի տարանցման փորձի ժամանակ, դատապարտվել է ազատազրկման ու 7 տարի անց՝ 2014 թվականին վերադարձրել են իրանական կողմին։ Իրան-Ադրբեջան սահմանը հատելու ևս մեկ փորձ Նասիրլին արել է այս տարվա ամռանը, սակայն այս մի դեպքի մասին մանրամասներ ադրբեջանական կողմը չի հայտնել։

ԱՎԵԼԻՆ