Լարված իրավիճակ՝ Համազգային թատրոնում. 20 դերասան գործադուլ է սկսում

Լարված իրավիճակ՝ Համազգային թատրոնում. 20 դերասան գործադուլ է սկսում

19:44 30 Նյմ, 2018

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի 20 դերասաններ վաղը՝ դեկտեմբերի 1-ին, գործադուլ կսկսեն՝ թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականի պահանջով: NEWS.am–ի հետ զրույցում թատրոնի դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանը նշեց, որ գործադուլը կտևի մինչև դեկտեմբերի 13–ը։

«Երկու տարի առաջ, առանց մեր կարծիքը հարցնելու մեզ պարտադրեցին Վիգեն Չալդրանյանին, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց նրան, բայց նրա հետ համագործակցությունը չստացվեց։ Մենք մի քանի անգամ ժողովների ընթացքում բարձրաձայնել ենք այդ խնդիրների մասին, սակայն տեսնելով, որ հարցը չի լուծվում, մենք դիմեցինք գործադուլի»,– ասաց նա։

Գրիգորյանը նշեց, որ իրենց բողոքը հասունացել էր դեռ նոյեմբերի 9–ից.

«Մեզ համար խնդիրը ներսում առկա կոնֆլիկտը հանրայնացնելը չէր, մենք ուզում էինք ներքին հարցը լուծել և բացարձակ խնդիր չկար՝ խաղալու պարոն Չալդրանյանի արժանապատվության հետ»,– ասաց նա։

Նշենք, որ օրեր առաջ Չալդրանյանի հրամանով՝ համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը: Վերջինս թատրոնի դերասանական կազմին հորդորել է համագործակցել իր հետ։ Շահվերդյանը պատրաստվում է Համազգային թատրոնում նորարարական լուծումներով բեմադրություններ իրականացնել։

Նոր գեղարվեստական ղեկավարի նշանակումից հետո անգամ դերասանները չեն մտափոխվել. անկախ ամեն ինչից՝ գործադուլը կկայանա։

Նարինե Գրիգորյանի խոսքով՝ այս անգամ ևս առանց իրենց հետ քննարկելու են նշանակել գեղարվեստական ղեկավար։

Թատրոնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ փորձեցինք զրուցել նաև թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հետ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։

loading...