Լոնդոնի Կայսերական քոլեջի Հանրային առողջության դպրոցի հետազոտողները պարզել են, որ աշխարհի հարուստ եւ աղքատ բնակիչների կյանքի տեւողության միջեւ խզումը զգալիորեն մեծանում է եւ կարող է հասնել գրեթե 10 տարվա, հայտնում է Science Daily-ն:
Գիտնականներն ապշահար են եղել Lancet Public Health ամսագրում հրապարակված տվյալներից: Մասնագետների խոսքով՝ ամենաաղքատ մարդկանց կյանքի սպասելի տեւողությունը նվազել է 2011 թվականից, ինչը, հեղինակների կարծիքով, «խորը մտահոգություն» առաջացնող միտում է:
Հետազոտողները համոզված են, որ իրավիճակի վրա ազդում են մի քանի գործոններ, այդ թվում՝ վատ սնվելը եւ հիվանդությունների չափից ուշ ախտորոշումը:
Բրիտանացի բժիշկները վերլուծել են Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները 16 տարում՝ 2001-2016 թվականներին մահվան դեպքերի մասին, որոնք բաժանվել են ըստ տարիքային խմբերի, պատճառների եւ բազմակի դեպրիվացիայի ինդեքսի, որն օգտագործվում է երկրի տարբեր շրջաններում աղքատության մակարդակի չափման համար: