Երեւանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին ու Nissan-ի վարորդին, ապա կոտրել լիցքավորման սարքը

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 12։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 RA 956 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գուրգեն Մահարի փողոցում՝ Էրեբունի թանգարանի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ 2 քաղաքացու, այնուհետեւ առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վրաերթի հետեւանքով բենզալցակայանի աշխատակիցն ու այնտեղ կայանված Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները եւ փրկարարները: Փրկարարներր հոսանքազրկել են մեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը եւ այս պահին էլ հսկողություն են իրականացնում, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ծխախոտով չմոտենան վթարի վայր։

Վրաերթից հետո Mercedes-ն էլ հարվածել եւ կոտրել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու այն դարձել է ոչ պիտանի։

Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը վրաերթից հետո մեղայականով ներկայացել է Ոստիկանության Էրեբունու բաժին։

ԱՎԵԼԻՆ