Թուրքական պարբերականը 15 մարդու լուսանկար է հրապարակել, որոնք Ստամբուլ են ժամանել Հաշքաջիի անհետանալու օրը

Թուրքական պարբերականը 15 մարդու լուսանկար է հրապարակել, որոնք Ստամբուլ են ժամանել Հաշքաջիի անհետանալու օրը

19:15 10 Հկտ, 2018

Թուրքական կառավարական Sabah պարբերականը չորեքշաբթի 15 մարդու լուսանկար է հրապարակել, որոնք Սաուդյան Արաբիայից Ստամբուլ են ժամանել լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետանալու օրը: Ամենայն հավանականությամբ լուսանկարները կատարվել են օդանավակայանում անձնագրային ստուգման կետում եւ հյուրանոցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականը հրապարակել է այդ անձանց անունները եւ ծննդյան տարեթվերը: Նրանցից հինգը Ստամբուլ են ժամանել կանոնավոր չվերթով, մյուսները՝ Gulfstream IV-ի երկու բիզնես չվերթով՝ HZ SK1 եւ HZ SK2 համարներով: Sabah-ը հայտնում է, որ այս օդանավերը պատկանում են Էր Ռիադում տեղակայված Sky Prime Aviation Services մասնավոր չարթերային ընկերությանը: Ընդհանուր առմամբ, այդ մարդիկ Ստամբուլում անցկացրել են մեկ օրից պակաս, իջեւանել են երկու հյուրանոցներում, իսկ նրանց մեծ մասը երկրից հեռացել է մասնավոր օդանավերով: Մի քանի մարդ օգտվել են կանոնավոր չվերթներից: 

Պարբերականը կարծիք է հայտնել, որ 15 մարդուց կազմված այս խումբը «կապված է Հաշքաջիի անհետացման հետ»: Նախկինում նման վարկած էին առաջ քաշել նաեւ որոշ թուրքական լրատվամիջոցներ, սակայն լրագրողի ճակատագրի վերաբերյալ ոչ մի պաշտոնական եզրակացություն առայժմ չկա: Երեքշաբթի սաուդյան կողմը թուրք քննիչներին թույլ էր տվել զննել թագավորության գլխավոր հյուպատոսարանի շենքը, որտեղ այցելել էր լրագրողը:

Հիշեցնենք, որ The Washington Post պարբերականի լրագրողը՝ Սաուդյան Արաբիայի հպատակ Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում գնացել էր Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան փաստաթղթեր ձեւակերպելու: Նրա հարսնացուին չէին թույլատրել շենք մտնել, իսկ 5 ժամ հետո նրան հայտնել էին, թե Ջամալն արդեն գնացել է: Ավելի ուշ նա հայտնել էր, որ այս տեղեկությանը չի հավատում եւ չգիտի, թե ներկայումս լրագրողը որտեղ է գտնվում: Հոկտեմբերի 6-ին Reuters-ը հայտնել էր, որ Թուրքիայի ոստիկանությունը դիտարկում է հյուպատոսարանում լրագրողի սպանության վարկածը: Երեքշաբթի ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան արքայազն Հալեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հերքել էր Թուրքիայում անհետացած սաուդցի լրագրողի սպանության մասին տեղեկությունը:

loading...