Սա մեր երազանքների բյուջեն չէ. նախկին համամասնությունները պահպանվել են. Ջանջուղազյան

Սա մեր երազանքների բյուջեն չէ. նախկին համամասնությունները պահպանվել են. Ջանջուղազյան

15:53 4 Հկտ, 2018

Ակնհայտ է, որ մենք ավելի մեծ երազանքներ ունենք, քան դրանք իրականացնելու միջոցներ եւ դա ճշմարտություն է նաեւ պետության համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Նրա խոսքով, 2019 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 4,9 տոկոս իրական տնտեսական աճ. «Երբեմն եղել են հրապարակումներ, որ 2019-ի համար նախատեսվում էր 5,3 տոկոս, իսկ հիմա դարձել է 4,9 տոկոս, այսինքն վիճակը վատացել է: Սակայն ես կցանկանայի հաշվի առնել, որ այդ 5,3 տոկոս աճը կանխատեսվել էր այն հաշվարկով, որ այս տարի տնտեսական աճը լինելու 4,5 տոկոս: Բայց հիմա փոխվել է կանխատեսումը 2018-ի համար՝ դառնալով 6,5 տոկոս: Այսինքն ստացվում է, որ նախկինում կանխատեսված 5,3 տոկոս տնտեսական աճն ավելի փոքր է, քան հիմա կանխատեսվող 4,9 տոկոսը: Փոխվել է բազան, որի վրա հաշվարկվում է 4,9 տոկոս աճը»,-ասաց նախարարը: 

Նա ընդգծեց, որ 2019-ի համար պետբյուջեի եկամուտները նախատեսվում է 1,399 տրլն դրամ, իսկ ծախսերը՝ 1,642 տրլն դրամ. «Ծախսերի մեջ տեսակարար կշիռ ունեն սոցիալական բնույթի, սոցիալ-մշակութային ոլորտի ծախսերը, պաշտպանական ծախսերը:

Պարտքը կայունացվելու է եւ ավելի ցածր մակարդակ է ունենալու, քան կանխատեսվում էր 2018-ին: Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 50,4 տոկոս»,-ընդգծեց Ջանջուղազյանը:

Հարցին, թե ինչպես կբոնորոշի եկող տարվա բյուջեն, նա արձագանքեց.

«Սա մեր երազանքների բյուջեն չէ: Արդյոք մեր երազանքն այն է, որ ապրենք մի երկրում, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4600 դոլար, իհարկե ոչ: Մենք պատիկներով ավելի հավակնություններ ունենք: Արդյոք կարծում ենք, որ եղած ՀՆԱ բաշխման համակարգը լավագույնն է, իհարկե ոչ»:

Նախարարը կարեւորեց տնտեսական մոդելի ընտրությունը եւ կառուցվածքային բարեփոխումները. «Հաջորդը հարկային համակարգն է, որը պետք է լինի արդար եւ արդյունավետ»: Նա նշեց, որ առողջապահության, կրթության ոլորտներին տրամադրվող միջոցների առումով 2019 թվականի բյուջեում էական բան չի փոխվել, համամասնությունները հիմնականում պահպանվել են:

loading...