Գիտնականները պարզել են, թե ինչու ծեր տարիքում մաշկը լավանալով՝ սպի չի թողնում

Գիտնականները պարզել են, թե ինչու է ծեր տարիքում մաշկը լավանում՝ սպի չթողնելով: Այս մասին ասվում է Cell Reports-ում հրապարակված հետազոտության մեջ։

Փորձերի ժամանակ պարզվել է, որ ծեր մկների մաշկի վնասվածքներն ավելի արդյունավետ են լավանում, քան երիտասարդներինը։ Հետազոտողները հիշեցնում են, որ մեծահասակ մարդու մարմնի բջիջները բաժանվելու 40-50 փուլերից հետո, անցնելով ծերացման փուլ, աստիճանաբար կորցնում են բազմանալու հատկությունը։

Պլաստիկ վիրաբույժներն ու մաշկաբանները հաճախ են ուշադրություն դարձնում այն բանի վրա, որ ծերերի մաշկին սպիեր հազվադեպ են մնում։ Գիտնականները նշում են, որ դրա պատճառի բացահայտումը մաշկի վերականգնման տեխնոլոգիաներ ստեղծելու հնարավորություններ կբացի։

Իրենց հետազոտությունների համար գիտնականները միավորել են ծեր եւ երիտասարդ երկու մկների արյունատար համակարգերը։ Դա օգնել է նրանց հասկանալ գեների աշխատանքի եւ ազդանշանային մոլեկուլների փոփոխությունները, ինչպես նաեւ՝ դրանց ազդեցությունը մաշկի վերականգնման գործընթացում։

Փորձարկման համար մկների ականջները ծակել են։ Պարզվել է, որ վերքերի լավացման ընթացքում երիտասարդ մկների մոտ, որոնց արյունատար համակարգը միացված չէր ծեր կրծողների հետ, սպիեր են առաջացել։ Սակայն «միացված» մկների վերքերն առողջացել են՝ չթողնելով որեւէ սպի։

Սրա պատճառը, ըստ գիտնականների, այն է, որ երիտասարդ մկների արյան մեջ SDF1 հատուկ ազդանշանային մոլեկուլների քանակը մեծ է։ ԴՆԹ-ի թաղանթի կառուցվածքի փոփոխությունների պատճառով այդ սպիտակուցը ծեր մկների օրգանիզմում բացակայում է։

Գիտնականներն այս հիպոթեզը ստուգել են մարդկանց մասնակցությամբ փորձարկումներում։ Հետեւելով վերքերի առողջացման գործընթացին՝ փորձագետները եզրակացրել են, որ ծեր հասակում բջիջների վարքը նույն կերպ է փոխվում։ Էվոլյուցիայի տեսակետից՝ սա իր բացատրությունն ունի՝ որքան արագ է լավանում վերքը, այնքան հեշտ է գոյատեւում երիտասարդ կենդանին՝ թեկուզ դրա հետեւանքը սպիի առաջացումը լինի

ԱՎԵԼԻՆ