Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը տարեցտարի ավելանում է. Վրաստանի դեսպանը՝ Արթուր Խաչատրյանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը եւ հույս հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ եւ ընդլայնվել։

Այնուհետեւ նախարար Արթուր Խաչատրյանն անդրադարձել է սեպտեմբերի 18-19-ին Վրաստան կատարած այցին, որի ընթացքում հանդիպում է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլիի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն վստահություն է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Վրաստան եւս մեկ հիմնաքար կհանդիսանա հայ-վրացական գործակցության հետագա խթանման համար:

Դեսպանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը տարեցտարի ավելանում է եւ իր կողմից վստահեցրել, որ իր առաքելության ընթացքում հնարավորինս կաջակցի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում նաեւ գյուղատնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում խաղողագործության եւ գինեգործության ոլորտների հետագա զարգացմանը, գյուղմթերքի ներմուծման եւ արտահանման արդյունավետ կազմակերպմանը վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

ԱՎԵԼԻՆ