Եթե որևէ մեկը ցանկություն ունի Արմավիրի մարզում ներդրումներ կատարել, ապա մենք պատրաստ ենք ցանկացած հարցով օժանդակել նրան. Գ. Միրիջանյան

Եթե որևէ մեկը ցանկություն ունի Արմավիրի մարզում ներդրումներ կատարել,  ապա մենք պատրաստ ենք ցանկացած հարցով օժանդակել նրան. Գ. Միրիջանյան

22:00 26 Սպտ, 2018

Df.am-ը գրում է. Հայկական բնաշխարհը հարուստ է իր անզուգական և դրախտային բնությամբ, բազմաթիվ լեռնաշղթաներով: Յուրաքանչյուր մարզ առանձնանում է իր պատմական կարևոր նշանակությամբ և ունի իր տեղային ուրույն առանձնահատկությունը:
Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը: Այստեղ բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները: Արմավիրի մարզում են հայտնաբերվել Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության Արգիշտիխինիլի քաղաքի ավերակները…:
Մարզն առանձնանում է իր պատմաճարտարապետական մեծագույն արժեքներով: Դրանք են` Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Գայանե և Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը:
Պատմամշակութային արժեքների պահպանման, ինչպես նաև մարզի զարգացման առաջնային և կարևոր պայմաններից է խելացի և բանիմաց ղեկավար ունենալը, ում ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ մարզը կարող է օր օրի զարգանալ` դառնալով էլ ավելի առաջադեմ և պահպանել իր պատմամշակութային կարևոր արժեքները:
Այդ իմաստով Արմավիրի մարզն այժմ գտնվում է հուսալի ձեռքերում. հունիսի 8-ից մարզի ղեկավարումը հանձն է առել մարդկային բարձր որակներով օժտված, մշակութային արժեքները գնահատող, մարզային տնտեսության զարգացմամբ մտաhոգ Գագիկ Մուշեղի Միրիջանյանը, ով մեզ ներկայացրեց աշխատանքային 100 օրն ու մարզի զարգացման իր տեսլականը:

Եթե որևէ մեկը ցանկություն ունի Արմավիրի մարզում ներդրումներ կատարել,

ապա մենք պատրաստ ենք ցանկացած հարցով օժանդակել նրան:

-Պարո՛ն Միրիջանյան, շնորհավորում ենք մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, արդյո՞ք սպասելի էր Ձեզ համար այս պաշտոնում նշանակվելը:

-Շնորհակալ եմ: Մարզպետի պաշտոնում նշանակվելն ինձ համար անսպասելի էր: Շատ հաճախ մենք ինքներս էլ չգիտենք, թե ինչ գործնական առաջարկներ են մեզ սպասվում: Այնուամենայնիվ, մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եմ ստանձնել աշխատանքս, դա փաստ է, և այն էլ ավելի ակնառու կդառնա ապագայում:
Առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմին, մասնավորապես` ղեկավար Գագիկ Ծառուկյանին, և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նման պատասխանատու և դժվարին աշխատանքն ինձ վստահելու համար:

-Շուտով կլրանա Ձեր պաշտոնավարման 100 օրը, ինչպե՞ս կգնահատեք Ձեր գործունեությունն այս ընթացքում և որքանո՞վ եք հասցրել իրականացնել Ձեր առջև դրված ծրագրերը:

-Աշխատանքային առաջին ծրագիրն ուղղված էր կադրային քաղաքականությանը: Ասեմ, որ կադրային փոփոխությունները միտված են եղել միմիայն աշխատանքային գործունեության մեջ անհրաժեշտ և արհեստավարժ կադրեր ընդգրկելուն, որոնք իրենց գիտելիքներով, հմտությամբ կնպաստեն մարզի զարգացմանը:
Երկրորդ ծրագիրը, որի մեկնարկն արդեն տրվել է և դեռ ընթացքի մեջ է, դա համայնքային այցերն են, որոնց նպատակը համայնքներում առկա խնդիրներին տեղում ծանոթանալն է: Համայնքային այցերի արդյունքում շուտով կունենանք նաև համայնքային խնդիրների լուծմանն ուղղված ճանապարհային քարտեզ, որով առաջնահերթության կարգով հնարավոր լուծումներ կտրվեն այդ խնդիրներին:
Այս հարցի շրջանակներում կարևոր եմ համարում նաև նշել, որ երբ ստանձնեցի Արմավիրի մարզի ղեկավարումը, այն ամենալարված մարզերից մեկն էր համարվում` իր տարաբնույթ խնդիրներով և ժողովրդական ընդվզումներով: Իսկ այժմ վստահորեն կարող եմ ասել, որ այս կարճ ժամանակահատվածում իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում Արմավիրի մարզը դարձել է ամենահանգիստ մարզերից մեկը, ուր որևէ ընդվզում և անհանդուրժողականություն չկա ժողովրդի կողմից:
Այնուամենայնիվ, դեռ բավականին մեծ ծավալով աշխատանքներ ունենք անելու, և իրատեսական կլինի, որ կատարված աշխատանքներն ամփոփենք գալիք տարում:

loading...