Գերմանահայ գործարարները Գարեգին Բ-ին ներկայացրել են իրենց ծրագրերը

Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Մուրադ Աքյուզի եւ ուղեկցությամբ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ եւ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի եւ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը, Նորին Սրբությանը ներկայացնելով միության անդամներին եւ նրանց բարեսիրական գործունեությունը, հայցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:

Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձանագրեց միության ակտիվ մասնակցությունն ու ներդրումը Գերմանիայի հայ համայնքի ազգային-հոգեւոր կյանքի զորացման գործում:

Վեհափառ Հայրապետը փաստեց միության կողմից Մայր Աթոռին ցուցաբերվող զորակցությունը, ինչպես նաեւ շարունակական աջակցությունը Գեւորգյան ճեմարանին եւ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին:  Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց միության նախագահին եւ անդամներին Հայաստանում եւ Արցախում իրականացվող սոցիալական եւ կրթական բարեգործական ծրագրերի համար:

Գերմանահայ գործարարները, Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգամանորեն ներկայացնելով իրենց ծրագրերը, հավաստիացրեցին, որ մշտապես կանգնած են լինելու Մայր Աթոռի, Հայրենիքի եւ հայ ժողովրդի կողքին:

Վերջում Նորին Սրբությունը հյուրերին մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը իրենց աստվածահաճո առաքելության իրականացման գործում:

ԱՎԵԼԻՆ