Իրանը պատրաստվում է ԱՄՆ պատժամիջոցների ճնշմանը տնտեսապես դիմակայելուն

Իրանը պատրաստվում է ԱՄՆ պատժամիջոցների ճնշմանը տնտեսապես դիմակայելուն

23:00 16 Սպտ, 2018

Իրանի կառավարությունը և Կենտրոնական բանկը պատրաստվում են ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելուն և տնտեսությունն այդ պայմաններում պահելուն։ Երկրի նախագահի՝ բյուջետային պլանավորման գծով տեղակալ Մոհամմադ Բաղեր Նոբախթը հայտարարել է, որ դրա համար իրենք արդեն կազմել են համընդգրկուն մի ծրագիր, որով տեղական տնտեսությանն աջակցություն են ցույց տալու տնտեսական «պաշարման» պայմաններում։

Նոբախթի խոսքով՝ համընդգրկուն ծրագիրը ներառում է ոլորտային 12 ծրագրեր, որոնցով մասնավորապես նախատեսվում է դիմակայել տեղական արժույթի՝ ռիալի անկմանը և կարգի բերել արժութային շուկան։ Մյուս կողմից, նախատեսվում է ամեն տարի նոր աշխատատեղեր ստեղծել՝ տնտեսությանը որոշակի ակտիվություն հաղորդելու համար։

Իրանի տնտեսական վիճակը զգալի բարդացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ոչ միայն դուրս եկավ միջուկային գործարքից, այլև նոր պատժամիջոցներ սահմանեց հարևան երկրի նկատմամբ։ Ավելին, ԱՄՆ նախագահը հայտարարեց՝ ով ցանկանում է իրենց հետ գործ ունենալ, պետք է կասեցնի համագործակցությունն Իրանի հետ։

loading...